Վերջին օրերին Հայաստանում լրատվական դաշտը պայթեցնում են մեկը մյուսին հաջորդող հրաժարականների մասին լուրերը: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումին հաջորդեց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրաժարականը: Եղան իհարկե տարբեր վարկածներ՝ կապված իրավապահ և ուժային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ, անգամ արդեն իսկ շրջանառվում են ԱԱԾ և Ոստիկանության պետերի հավանական փոխարինողների անունները: Սակայն գլխավոր հարցը կայանում է նրանում, թե ինչու վարչապետ Փաշինյանը գնաց նման քայլի: Փաշինյանն ունե՞ր արդյոք այլ տարբերակ՝ քաղաքական դաշտում տեղի ունեցող սրնթաց փոփոխությունների և գործընթացների ֆոնին, թերևս՝ ոչ:
Արդեն իսկ ակնհայտ է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը ամուր կանգնում է երկու ոտքերի վրա, կոնսոլիդացման գործընթացը մեկնարկել է, և խոսքը չի վերաբերում միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավանական համախմբմանը: Որևէ կերպ չի կարելի բացառել, որ երևան կգան նաև քաղաքական այլ ձևաչափեր, որոնք քաղաքական գործընթացի այս կամ այն փուլում կմիավորեն ընդհանուր պայքարի համատեքստում: Կարելի է վստահորեն պնդել, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում արտառոց, եթե չասենք պատմական, իրավիճակ է. արտախորհրդարանական ընդդիմությունը շատ ավելի ուժեղ և կազմակերպված է, տիրապետում է շատ ավելի ռեսուրսային բազայի, քան խորհրդարանականը, և դա, իհարկե, վկայում է այս պառլամենտի թույլ լինելու և լեգետիմության բաց ունենելու մասին: Հետևաբար, այո՛, տեղի ունեցող զարգացումների ֆոնին Փաշինյանին անհրաժեշտ է ամրապնդել թիկունքը, հատկապես ուժային և իրավապահ համակարգում: Վարչապետին այսօր ավելի քան երբևէ պետք են վստահելի մարդիկ, և պատահական չէ, որ անգամ ուժային կառույցների կառուցվածքի փոփոխությանը վերաբերվող նոր նախագծի հիմքում հենց Փաշինյանի այդ ցանկությունն է՝ համալրել թիկունքը վստահելի մարդկանցով: Նախագիծը, ի դեպ, խորհրդարան է բերվել ոչ թե Իմ Քայլի, այլ խորհրդարանական ընդդիմության՝ ԼՀԿ-ի կողմից, ինչը նույնպես խորհրդանշական է: Սակայն, իհարկե, էական չէ, թե ում ձեռքով է Փաշինյանը փոխում խաղի կանոնները, էականն այն է, թե ինչու: Վերջին շրջանում տարբեր մակարդակներով շատ էր խոսվում այն մասին, որ Փաշինյանին այս կամ այն հարցի ոչ ճիշտ կամ թերի զեկույցներ են ներկայացնում, ինչը իհարկե դժվարացնում է որոշումների ընդունման գործընթացը:
Եվ Փաշինյանին այս տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի թիմում լինեն մարդիկ, ովքեր կտրամադրեն ճիշտ և հստակ տեղեկատվություն, վստահելի մարդիկ, իհարկե դեռ հարց է, թե որքան երկար ժամանակ այդ մարդիկ կպահպանեն իրենց հավատարմությունը: Գաղտնիք չէ, որ վստահելի մարդկանցով շրջապատված էր նաև Սերժ Սարգսյանը, սակայն վերջինիս շուրջ հավաքված յուրայինները վստահ էին Սարգսյանի իշխանության երկարակեցության վրա, ինչը չենք կարող ասել Փաշինյանի շուրջ հավաքված թիմի անդամների մասին, որոնց մոտ վերջինիս իշխանության երկարակյացությունը լուրջ հարցական է առաջացնում: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում բոլոր առանցքային պաշտոնյաներն էլ փորձելու են յուրահատուկ «կամուրջներ» ստեղծել ընդդիմադիր բևեռների հետ, իսկ Փաշինյանին պետք են մարդիկ, ովքեր պատկերավոր ասած կվառեն բոլոր «կամուրջները», և բնավ էլ պարտադիր չէ, որ այդ մարդիկ լինեն կադրային սպաներ կամ պրոֆեսիոնալներ. նրանք կարող են լինել անգամ ՔՊ-ից, միակ անհրաժեշտ պայմանը, որը վերջիններիս կներկայացնի Փաշինյանը, հավատարմությունն է: