Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Արցախը Հայաստան է» արտահայտությանը.

«Ես կարծում եմ, որ մենք՝ զինվորականներս, չպետք է մասնակցենք այդ բանավեճին։ Մեր խնդիրը կռվելն է։ Մենք մեր խոսքը կասենք մարտադաշտում, եւ մենք երազում ենք այդ մասին։ Եվ դա կիրականանա մոտ ժամանակներս։ Այդ ժամանակ կտեսնենք՝ պատասխանատո՞ւ է նա իր խոսքերի համար, թե՞ չէ»։

Հասանովի կարծիքով` Ադրբեջանի ԱԳՆ-ն արժանի պատասխան է տվել Փաշինյանին։

«Անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը պաշտոնապես, միայն դատարկաբանությամբ են զբաղվում»,- եզրափակել է Զաքիր Հասանովը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն բոլոր խնդիրները, որոնք հանրապետությունը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Փաշինյանը նշել է, որ իր խոսքում չի առանձնացնում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: