Վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեմաների՝ ՍԴ նախագահի լիազորությունները կասեցնելու, ինչպես նաև՝ օրեր առաջ Վճռաբեկ դատարանի կողմից նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի արդարացման մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյա՛ն, «Իմ քայլը» խմբակցությունը դիմել է ՍԴ, որպեսզի կասեցվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։  

-Ընդհանրապես երևույթը հասկանալի չէ մի պարզ պատճառով, որ չի տեղավորվում օրենքի պահանջների սահմաններում։ Ցանկացած գործողություն չպետք է լինի ուղղակի ցանկությամբ կամ քմահաճույքով, այլ պետք է համապատասխանի օրենքին։ Ուզում են ՍԴ նախագահի լիազորությունները կասեցնեն, և ուղղորդվում են ինչ-որ անհասկանալի քավոր-սանիկ հարաբերություններով։ Սա, իհարկե, անընդունելի է։ Եթե ոմանց դուր չի գալիս Հրայր Թովմասյանը որպես ՍԴ նախագահ, դա դեռ չի նշանակում, որ Դուք պետք է անօրինական քայլերով գնաք։ Սա ինձ համար օրենք է։

Похожее изображение

 

-Իսկ այս քայլն ո՞ւմ է ուղղված՝ Հրայր Թովմասյանին, թե ՍԴ-ին՝ ընդհանուր առմամբ։

 

-Եթե նույն ՍԴ-ն այնպիսի անօրեն որոշումներ կայացնի, այսինքն՝ սահմանադրության դեմ  կամ օրենքը խախտի, ապա այդ դեպքում կան համապատասխան միջոցներ, որոնցով կարելի է կամ մարդկանց աշխատանքից ազատել կամ պատժել։ Այս ամբողջը չի տեղավորվում օրենքի մեջ։

-Ի՞նչ եք կարծում՝ ՍԴ-ն  կվավերացնի՞ նախագիծը։

-Սահմանադրական դատարանն այսօրվա իր կազմով, կարծում եմ, պետք է գործի օրենքի սահմանում։ Չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնեն, բայց ամեն ինչ պետք է օրենքի սահմանում լինի։

-Հնարավո՞ր է՝ ԱԺ-ն ինչ–որ ճնշում կիրառի ՍԴ-ի վրա։

 

-Այո, իհարկե։  Նրանք այս գործընթացը սկսել են, իսկ նրանք մեծամասնությունն են։ Արդեն կարող ենք ասել, որ կառավարող ուժը որոշել է, որ այսպես պետք է լինի։

-Պարոն Սարգսյա՛ն, օրեր առաջ հայտնի դարձավ, որ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայցը։ Լուրեր կան, որ նա գլխավոր դատախազի հավակնորդ է։

-Սա արդեն դատարանի խնդիրն է։ Բայց ուզում եմ ասել, որ Ջհանգիրյանը այն մարդն է, ով 1995-1996 թթ. կանգնած էր ընտրական կեղծիքների վերևում, այսպես ասած՝ այդ ամենի քավորն էր։ Ամեն դեպքում նման ճանապարհ անցած մարդուն դատախազի պաշտոնին չեմ տեսնում։ Եթե այսօրվա իշխանությունը այդպես է գտնում, ուրեմն թող շարունակեն նոր ոճով աշխատել։ Տեսնենք՝ ինչի՞ կհասնի։