Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր պաշտոնյաներն աչքի են ընկնում իրենց ֆեյսբուքյան ակտիվությամբ՝ գրառումներով ու տարբեր միջոցառումների վերաբերյալ հրապարակումներով: Դրական ֆոնի տակ ներկայացնում են իրենց կատարած ցանկացած քայլը: Վերջին շրջանում նման ակտիվությամբ աչքի է ընկնում, հատկապես, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այսօր հրաշալի հանդիպում ունեցանք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն նոր ընդունված աշխատակիցների հետ»,- հերթական գրառումն է կատարել նախարարը՝ կից ներկայացնելով նոր աշխատակիցների հետ լուսանկարը: Նա նաև նշել է, թե ինչ սկզբունքներով են պայմանավորվել առաջնորդվել հետագա աշխատանքում:

Իսկապես, առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա, սակայն հետաքրքրական է այն, որ Արշակյանը պարբերաբար գովազդ է միացնում իր ֆեյսբուքյան ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ հրապարակումներին: Իսկ թե ինչո՞ւ և ո՞ւմ փողերով է ամեն օր իրեն նման հաճույք թույլ տալիս նախարարը, հուսանք՝ կպարզաբանեն նախարարությունից:

 

Հետո էլ կասեն՝ ինչո՞ւ եք ասում, թե «բա Սերժի վախտ ինչի նման բաներ չէիք անում»: Պատասխանը պարզ է. որովհետև այն ժամանակ իշխանություն չէիք, իսկ հիմա պաշտոնյա եք, ինչ ուզում անում եք ու ինչպես տարբեր ժամանակներում իշխանության գլուխ կանգնած ցանկացածը՝ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնածներդ էլ ոչնչով չեք տարբերվում նախորդներից: