Հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել չարթերային թռիչքով։ Թե որքա՞ն է կազմել վարչապետի գործուղման ծախսը, ԼՈՒՐԵՐ․com—ը փորձեց ճշտել կառավարությունից, սակայն այստեղից պատասխանեցին, որ ծախսերը հնարավոր կլինի ասել միայն գործուղումից հետո․ «Կազմակերպությունը միայն վերադառնալիս է ներկայացնում համապատասխան փաստաթղթերը, որի հիման վրա էլ գումարը փոխանցվում է»,- ասացին կառավարությունից՝ նշելով, որ հարցում ուղարկենք կպատասխանեն։
Նշենք, որ Փաշինյանը Լոս Անջելես է մեկնել սեպտեմբերի 21-ին ժամը 15:41, Գյումրու Շիրակ օդանավակայանից: Լոս Անջելես է հասել սեպտեմբերի 22-ին ժամը 08:55-ին։ Գյումրիից այդ ուղղությամբ թռիչք է իրականացրել միայն մեկ ինքնաթիռ՝ Gulfstream G550։
Հասկանալու համար, թե դեպի Լոս Անջելես ուղևորությունը որքան կարժենա նշված ինքնաթիռով Politik.am-ը ուսումնասիրություն է անցկացրել։ Կայքը պատվեր է գրանցել կայքում, ապա ընկերությունից կապ են հաստատել և փոխանցել իրենց գնային առաջարկը: Ըստ որի միայն Երևան-Լոս Անջելես թռիչքը, 13 ուղևորոներով կարժենա 250 հազար եվրո կամ 275 000 դոլար, իսկ Երևան-Լոս Անջելես-Նյու Յորք ուղղությունը կարժենա 300 հազար եվրո կամ 330 000 դոլար: