«Սանիթեք»-ի աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնելու ընթացքում այսօր՝ սեպտեմբերի 25–ին, փորձեցին փակել քաղաքապետարանի դիմացի ճանապարհը, սակայն ոստիկանները պատ կազմեցին եւ թույլ չտվեցին: Նշենք, որ ակցիայի մասնակիցներն անժամկետ նստացույց ու հացադուլ են հայտարարել՝ պահանջելով օգոստոս ամսվա իրենց աշխատավարձերը։
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին կարելի էր փողոց փակել, իսկ իրենց՝ ոչ։
«ՄԻՊ-ի ուշադրությունն եմ հրավիրում, որպեսզի գան ու արձանագրեն, որ ոստիկանական պատը խոչընդոտում է, որ մենք իրացնենք մեր սահմանադրական իրավունքը: Մինչդեռ պարոն Հայկոն, որն այն ժամանակ հանդիսանում էր Երեւանի քաղաքապետի թեկնածուն, բեմահարթակների վրա թռչկոտում էր եւ ասում էր՝ Երեւանի քաղաքապետարանը աշխատելու է բաց, թափանցիկ, հասարակության համար մատչելի ու հասանելի։ Սա՞ է ձեր մատչելիությունը։ Արձանագրեք՝ երկու կողմից ոստիկանական պատնեշներով արգելափակված են»:
Աղեկյանը Հայկ Մարությանին առաջարկեց, որ Երեւանի 12 վարչական շրջանները բաժանի երկու հավասար մասի, մի մասի աղբահանությունն իրականացնեն «Սանիթեք» ընկերության աշխատակիցները, մյուս մասը՝ աղբահանության եւ սանմաքրման հիմնարկը. «Այսպես կապահովենք մրցակցությունը, իսկ մրցակցությունը նաեւ որակ է բերում։ Այս մասին դուք բեմերի վրա ցատկոտում էիք եւ նախագահական շոուների ժամանակ ասում էիք, եթե այդ խոստումները սուտ չէին: Փորձեք դա կազմակերպել, որպեսզի մեր քաղաքացիները հաջորդ ամիսների ընթացքում եւս ունենան աշխատավարձ։ Մենք սպասում ենք, որ դուք իջնեք եւ ասեք, որ գումարն արդեն փոխանցվել է»:
Ակցիայի մասնակիցներից մեկը դիմեց քաղաքապետին. «Բա ընտրելուց մեզ ասում էիք՝ ես ձեզ հետ եմ, ժողովո՛ւրդ, հիմա եկել ենք, եթե մեզ հետ ես, ո՞ւր ես, ինչո՞ւ չկաս: Տուն ենք պահում, այս մեկ ամիս է՝ առավոտը տասից ընկել ենք, փող ենք մուրում, աշխատել ենք, բերեք, տվեք, ողորմություն չենք խնդրում: Եթե ինձ նման երեխա պահես, պարանը կգցես վիզդ, կկախվես: Ինչի՞ ես տանջում ժողովրդին, սրա համար էինք ընտրո՞ւմ: Ռուսաստանից ընտանիքս վերցրել եմ, եկել, խոսք էիք տալիս: Հավատացինք, եկանք, այսպե՞ս եք վարվում»: