Ջերմուկ համայնքի 19 քաղաքացիներ նոր երևան եկած էկոլոգիական հանգամանքների հիմքով հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան' ընդդեմ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի։

Գործով երրորդ անձ է ներգրավվել ՀՀ ֆինանսների նախարարությունը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ն և ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ը։

Հայցվորները խնդրել են դատարանին՝ պարտավորեցնել Շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:

Դատարանը որոշել է Թեհմինե Ենոքյանի, Գոհարիկ Ենոքյանի, Մխիթար Ենոքյանի, Աիդա Ենոքյանի, Արմեն Համբարձումյանի, Արամ Հովսեփյանի, Վանիկ Հովհաննիսյանի, Սևակ Մկրտչյանի, Ալեքսան Մնացականյանի, Նաիրի Ներսիսյանի, Լևոն Ներսիսյանի, Լիլիա Ներսիսյանի, Միհրդատ Ներսիսյանի, Զաբել Հովհաննիսյանի, Վալենտինա Սերեդայի, Վասգեն Գալստյանի, Ալվարդ Ալեքսանյանի, Մակեդոն Ալեքսանյանի կողմից ներկայացված հայցադիմումներն ընդունել վարույթ: Քաղաքացիների շահերը ներկայացնում է փաստաբան Նազելի Վարդանյանը։ Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանին։