Երեւանի քաղաքապետարանը այսօր «Սանիթեք» ըկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Ողջ վեճը քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև, ի դեպ, հենց սրա շուրջ էր՝ քաղաքապետարանը հրաժարվում էր կատարել «Սանիթեքի» հանդեպ ունեցած վճարային պարտավորությունները՝ պատճառաբանելով, որ վերջինս դադարել է ծառայություններ մատուցելուց, իսկ «Սանիթեքը» իր հերթին պնդում է, որ չի կարող ծառայություններ մատուցել, եթե քաղաքապետարանը չի կատարում իր վճարային պարտավորությունները:

Փակ շղթա, որը սակայն ճեղքեց քաղաքապետարանը: Այլ հարց է՝ ինչո՞ւ: Օրեր առաջ «Սանիթեքի» դեմ քրեական գործ է հարուցվել և թվում էր` այս հեռակա ճակատամարտում ի վերջո հաղթող կողմը լինելու է հենց քաղաքապետարանը, բոլոր խաղաքարտերն էլ Հայկ Մարությանի ձեռքում են: Սակայն այսօր գումարը փոխանցվում է. Սա բարի կամքի դրսևորո՞ւմ է, թե քաղաքապետարանը ստիպվա՞ծ է գնում այս քայլին՝ հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ: Բանն այն է, որ հանրության համար այդպես էլ մութ մնաց, թե այդ ինչ կետեր են ներառված քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև ստորագրված պայմանագրում, հետևաբար հանրությանը մնում է հավատալ կողմերից մեկին, կամ չհավատալ ոչ մեկին: Եթե մենք չենք տեսնում, թե ինչ է իրենից ներկայացնում այդ պայմանագիրը, մենք չենք կարող ճիշտ գնահատել, թե Երևանում աղբահանության շուրջ ստեղծված կոլապսը իրականում ո՞ւմ մեղքով էր և ով ինչ շահ էր հետապնդում մայրաքաղաքը Մումբայի արվարձանի վերածելիս:

Գուցե՞ մեղավորը իսկապես «Սանիթեքն» է, և այս կազմակերպությանը վճարվող գումարները իսկապես հոսում են Լիբանան հայտնի պաշտոնյաների եղբայրների գրպանները, սակայն եթե կան նման ապացույցներ՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը ևս 160 միլիոն դրամ ուղարկում այնտեղ: Հնարավոր է նաև, որ մեղավորը իրականում քաղաքապետարանն է, որ հենց Հայկ Մարությանն է այս ողջ ընթացքում փորձել տորպեդահարել «Սանիթեքի» աշխատանքները՝ նոր օպերատոր ներգրավելու նպատակով: Մարությանի մոտիվացիան էլ լրիվ հասկանալի է. աղբի բիզնեսը անչափ եկամտաբեր բիզնես է և ինչո՞ւ այն չտալ յուրայիններից մեկին: Հանրությունը դեռ երկար ժամանակ կարող է մեղավորներ փնտրել, իրավիճակը պարզ կդառնա միայն համապատասխան պայմանագրի հրապարակումից հետո, մի քայլ, որին քաղաքապետարանը համառորեն չի ցանկանում գնալ: Մնում է հասկանալ՝ ինչի՞ց է ի վերջո վախենում կամ ի՞նչ է թաքցնում Հայկ Մարությանը…