Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեքի» հետ պայմանագրերը: Այս առնչությամբ Հայկ Մարությանը հանդես է եկել հրապարակային ուղերձով։
ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն ասաց՝ հաշվի առնելով, որ երկար ժամանակ է ինչ «Սանիթեք»-ը ծառայություն չի մատուցում, այս քայլն անխուսափելի էր․ «Իհարկե, այն կարելի էր իրականացնել ավելի շուտ և ավելի հանդարտ կերպով։ Ծառայություն չմատուցելու պարագայում տրամաբանական չէր լինի առհասարակ այդ պայմանագիրը պահպանելը։ Այս քայլը ուշացնելու որոշումը սխալ ընտրված քաղաքականության հետևանք էր, որովհետև, եթե դա այն ժամանակ իրականացվեր' մեկ պայմանագիրը լուծարելու միջոցով և նոր օպերատոր ներգրավվեր՝ արդյունքում ապահովելով գործընկերային հարաբերությունները «Սանիթեք»-ի հետ, սրան չէինք հասնի։ Բայց քանի որ կապերը խզվեցին կապալառուի հետ ու կողմերն անցան փոխադարձ մեղադրանքների, մնաց միայն այս տարբերակը»,- նշեց նա։
Ըստ նրա՝ նոր օպերատորների ներգրավվումն անհրաժեշտություն է․ պետք է հայտարարվի միջազգային նոր մրցույթ, որի ժամկետները կարող են մի քանի ամիս տևել, կազմակերպությունները մասնակցեն, ներկայացնեն գնային առաջարկներ և գնումների օրենսդրության համաձայն լավագույն առաջարկ ներկայացրած կազմակերպությունը հաղթող ճանաչվի և սպասարկում իրականացնի։ Կարելի է քննարկել նաև եղած մեքենաները քաղաքապետարանին պատկանող կառավարման հանձնելու տարբերակը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը երեկ «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Անդրադառնալով այս հանգամանքին՝ Խաժակյանը նշեց, որ վճարումները վերաբերել են մի քանի ամիսներին, բայց խնդիրն ավելի վաղ ժամանակահատվածից է․ «Մենք ասում էինք՝ կա´մ պետք է «Սանիթեք»-ի խնդիրները բարձրաձայն լսել և միջոցներ ձեռնարկել, կա´մ՝ հայտարարել նոր մրցույթ։ Ըստ էության, քաղաքապետարանը գնաց սրանցից ավելի վատ ճանապարհով՝ ո´չ մեկն էր անում, ո´չ մյուսը, և դրա պատճառով մեկ տարի շարունակ քաղաքը աղբի մեջ էր։ Դժվար է ասել, եթե այդ խնդիրները վերանայվեին՝ «Սանիթեք»-ը կկարգավորե՞ր մատուցած ծառայությունը, թե՞ ոչ, բայց իմ կարծիքով դա պետք է իրականացվեր։ Մենք գիտենք, որ ինչ-որ պահից այդ բանակցությունները դադարեցին և բանը հասավ նույնիսկ փոխադարձ հրապարակավ մեղադրանքների»,- նշեց նա։
Նշենք՝ ի պատասխան Երևանի քաղաքապետի հայտարարության, որը միակողմանի կերպով ամբողջությամբ լուծարել է «Սանիթեք»-ի հետ կնքված պայամանագրերը, «Սանիթեք» ընկերությունը հայտնում է' հաշվի առնելով պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը' իրավաբանական թիմի կողմից համապատասխան ուսումնասիրությունից հետո ընկերությունը վաղը հանդես կգա համարժեք հայտարարությամբ: