Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի տեխնոլոգիական ոլորտում կարևոր կենտրոններից մեկը դառնալու: «WCIT 2019» համաշխարհային համաժողովին իր ելույթում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ համար մեծ պատիվ է այսպիսի համաժողով հյուրընկալելը: Այն շատ լավ առիթ է ձեզ և ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին: Ես հույս ունեմ, որ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան և մթնոլորտը, որ մեր երկրին համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո: Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում ՀՀ-ն համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական այս հեղափոխությունից հետո այժմ Հայաստանը գտնվում է տնտեսական հեղափոխության շրջափուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ, որովհետև կառավարությունը տնտեսական հեղափոխության հիմնական միջոց համարում է յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, անհատական նախաձեռնությունը, որը նա անում է ոչ թե կառավարության հրահանգներով, այլ իր անձնական որոշումներով, իր անձնական նպատակներով, իր անձնական ամբիցիաներով:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը տպավորիչ տնտեսական աճ է գրանցում: Այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ: Զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 13 տոկոս աճ: Տպավորիչ է աճ է գրանցվում նաև տեխնոլոգիական ապրանքների արտահանման հատվածում: Այս ուղղությամբ արտահանումն աճել է 40.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը՝ 34.4 տոկոսով:

«Այս ամենը մեզ վստահություն է տալիս ասելու, որ տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունն իր հերթին կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության: Մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական նորարարական առաջատար երկրներից մեկն աշխարհում՝ իսկական տեխնոլոգիական կենտրոն»,-ասաց նա:

 

Վարչապետն ընդգծեց, որ այս նպատակը հասանելի և իրատեսական է թվում նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են: 1853 թվականին մեր հայրենակից Հովհաննես Ղուկասյանը ստեղծեց կերոսինային լամպը: 1854 թվականին մեր հայրենակից Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստեղծեց ԱՄՆ դոլարի կանաչ գույնը և այն մինչև հիմա համարվում է դոլարի բացառիկ գույն: 1911 թվականին մեր հայրենակից Գաբրիել Կազանչյանը ստեղծեց մազեր չորացնող սարքավորումը, 1916 թվականին Ստեփան Ստեփանյանը ստեղծեց մեխանիկական բետոնախառնիչը, որը ժամանակակից աշխարհում բավական տարածված է: 1939 թվականին Լյութեր Սիմջյանը ստեղծեց բանկոմատը, որը կրկին տարածված է ժամանակակից աշխարհում:

«Թվարկումը դեռ կարելի է շարունակել՝ հիշատակելով աշխարհահռչակ ՄԻԳ ինքնաթիռների հեղինակ Արտյոմ Միկոյանին , ամերիկյան բանակում օգտագործվող հակագազերի հեղինակ Արթուր Բլբուլյանին, պլաստիկ վիրաբուժության համահիմնադիրներից մեկին՝ Վարազդատ Կազանչյանին և այլն: Այս ամենը և այն փաստը, որ Խորհրդային առաջին համակարգիչը «Նաիրի» անունով ստեղծվել է Հայաստանում, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ գործուն մասնակցություն են ունեցել ամերիկյան, Խորհրդային տիեզերական ծրագրերում, այն փաստը, որ այսօր էլ համաշխարհային տեխնոլոգիական, նորարարության ոլորտում մեր հայրենակիցները լուրջ հաջողություններ են գրանցել, մեզ վստահություն են տալիս, որ  Հայաստանը դառնալու է տեխնոլոգիական ոլորտի կարևոր կենտրոններից մեկը աշխարհում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: 
 
ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։