Նկատի առնելով մամուլի՝ վերջին օրերի հրապարակումները, որոնցով անդրադարձ է կատարվում Վերարտադրողական առողջության, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում մահածին պտղի դեպքին, ծննդատունը պարզաբանումներ է ներկայացրել: Այստեղ նշվում է, որ ծննդաբեր Հայկուհի Խաչատրյանի պտուղը ծնվել է 24.09.19 թվականին, ժամը 22.20-ին՝ արդեն մահացած վիճակում: Անդրադառնալով ծնողների պնդմանը, թե իրենց փոքրիկին վաճառել են, ծննդատունն անմտություն է համարում՝ հենց միայն պտղի մահածին և արդեն դիահերձված լինելու պատճառով: Հայտնում եմ նաև՝ ծննդկանի քույրը՝ Հերմինե Խաչատրյանը, ծննդաբերելուց հետո տեսել է պտղի դին:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մահացած փոքրիկի հայրը՝ Գարիկ Ենգիբարյանը, տարածված հաղորագրությունը ծայրից ծայր սուտ որակեց․ «Իրենց կաշին փրկելու համար անիմաստ բաներ են տարածում։ Մենք իրենցից երեխայի դին ենք պահաջել, բայց 15 օր է անցել ո՞ւր է դին։ Մեզ խաբում են, թե դատաբժշկականում է, գնում ենք էնտեղ չի, եթե իրենք մաքուր են, ոչ մի խնդիր չկա, ինչո՞ւ դին ցույց չեն տալիս կամ ինչո՞ւ չեն ուղարկել դատաբժշկական փորձաքննության։ Կնոջս քրոջը թռուցիկ, փակած վիճակով ցույց են տվել սև պարկի մեջ ինչ-որ բան, բայց մենք ինչ իմանանք՝ ի՞նչ է եղել դրա մեջ։ Ինձ զարմացնում է նաև քննչականի լռությունը՝ ինչո՞ւ դին չեն պահանջում։ Ուզում են մի 20 օր էլ դին պահեն, նեխի, որ ասեն նեխեց գցեցի՞նք»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իրեն էլ փորձաքննության կենտրոնում տարայի մեջ ինչ-որ կտորներ են ցույց տվել, որից իրենք բան չեն հասկացել․ «Ես իրենց ասացի մասնագետ կանչեք, որ ասի, թե որ կտորը երեխայիս մարմնի որ մասն է, ո՞րն է սիրտը, որը՝ թոքը։ Ինձ ասացին՝ մասնագետը տեղում չէ, չեն կարող ասել։ Մեկը մյուսի արածը փորձում է ծածկել, մաքրել, բայց այս խմորը շատ ջուր է քաշելու»,- նշեց նա։
Հարցին՝ հանդիպե՞լ են բժիշկներին, տնօրենին, թե ոչ, մահացած երեխայի հայրը բացասական պատասխան տվեց․ «Գնամ իրենց հետ հանդիպման, որ ինչ անեմ։ Ինչ-որ միջոցներ են ձեռնարկում, որ հունից դուրս գամ, չկարողանամ ինձ տիրապետել, որ քրեական գործ հարուցեն վրաս ու իրենց կեղտերը մաքրեն։ Մեր առողջապահությանն էլ չեմ վստահում։ Ինչ իրավունք ունի բժիշկ աշխատի հիվանդանոցում, երբ նրա վրա քրգործ է հարուցված։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը նման բան թույլ տալիս»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ նախարարը հետամուտ կլինի այս դեպքին։
Նա նշեց նաև, որ կինը վատառողջ է և բուժումներ է ստանում հիվանդանոցում։ Նրան ախտորոշել են աջակողմյան թոքաբորբ և թթվածնային քաղց։
Սոնա Հարությունյան