Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը ժամեր առաջ տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի` Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո իր պաշտոնից ազատվելու է ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Հաշվի առնելով վերջին շրջանում ուժային կառույցներում տեղի ունեցող փոփոխությունները՝ այս լուրը շատ արագ պայթող ռումբի էֆեկտ ունեցավ, սակայն իրարանցումը երկար չտևեց: Սկզբում ինքը` Տոնոյանը, այնուհետև վարչապետ Փաշինյանը հերքեցին տարածվող տեղեկատվությունը: Փաշինյանը այն որակեց իբրև «անհեթեթ»:

Ուշագրավը, սակայն, այն է, որ սա արդեն երկրորդն դեպքն է, երբ «հավաստի» աղբյուրները հայտնում են Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին: Առաջին դեպքը ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր և իրենից ավելի շատ կանխատեսում էր ենթադրում, առ այն, որ ուժային կառույցների ղեկավարների փոփոխության դեպքում «գլուխը չի ազատելու» նաև Տոնոյանը: Անգամ կանխատեսման պարագայում հասարակության արձագանքը միանշանակ էր՝ Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում ահազանգում էին, որ պատերազմող երկրում լավ աշխատանք ցույց տվող ՊՆ նախարարի փոփոխությունը լրջագույն ռիսկ է:

Այդ լուրերը հերքվեցին, ինչպես նաև այսօրվա տեղեկությունը: Նման ձեռագիրը անկասկած հուշում է, որ ինչ-ինչ շրջանակներ նման տեղեկատվական «սլիվներով» պարզապես փորձում են «հող շոշափել», հասկանալ ու գնահատել հանրային տրամադրությունները և այն, թե այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի դեպքում՝ հասարակության արձագանքը ինչպիսին կլինի: Դժվար է կռահել, թե կոնկրետ այս դեպքում ինչ արձագանք էին ակնկալում ստանալ շահագրգիռ անձինք  կամ խումբը, սակայն պետք է փաստել, որ Տոնոյանի հրաժարականի լուրը տարածվելուն պես համացանցի Հայաստանյան սեգմենտը , ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերը իրենց միանշանակ վրդովմունքը հայտնեցին նման որոշման համար: Կից ներկայացնում ենք Ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի գրառումները և մեկնաբանությունները: