ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է թիվ 09/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևանի բնակիչ Դ.Մելիք-Ստեփանյանը 2013թ. փետրվարի 18-ին' ՀՀ Նախագահի ընտրության օրը' ժամը 17:15-ին, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»-ի վարչական շենքում տեղակայված թիվ 09/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրն օգտագործելու միջոցով փորձել է քվեարկել վերջինիս փոխարեն, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ միջամտել է նույն ընտրատեղամասի' Ր.Հովհաննիսյանի վստահված անձ Ա.Սարգսյանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 202-րդ և 203-րդ հոդվածներով' 25.03.2013թ. որոշում է կայացվել Դ.Մելիք-Ստեփանյանին ներգրավել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: