ՀՀ ազգային ժողովի պատգամավորները Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում կարևորել են տնտեսական համագործակցությունը, շեշտել տնտեսական հարաբերություներում խտրականության բացառումը:

ՀՀ ազգային ժողովում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակ Կոնջորյանը' ամփոփելով նստաշրջանի արդյունքները:
«Առաջին օրը հիմնականում քննարկվեց ԵԱՀԿ-միջերկրածովյա տարածաշրջան տնտեսական համագործակցությունը: Մենք' հայկական պատվիրակության անդամներս, ակտիվ ելույթներ ունեցանք, կարևորեցինք ԵԱՀԿ անդամ պետությունների տնտեսական համագործակցությունը, դրա ներառականության կարևորությունը, տնտեսական հարաբերություններում խտրականության բացառումը»,-ասաց Կոնջորյանը:

Պատվիրակության անդամներն էապես կարևորել են նաև հակամարտության գոտում բնակվող մարդկանց տնտեսական իրավունքների առաջնայնությունը' նշելով, որ այդ անձինք պետք է օգտվեն այն բոլոր հիմնարար իրավունքներից, որոնցից օգտվում են մյուսները' ԵԱՀԿ տարածաշրջանում:

Անհանդուրժողականության և խտրականության վերաբերյալ քննարկումների ժամանակ հայկական պատվիրակության անդամները ևս ակտիվ ելույթներով են հանդես եկել:

Կոնջորյանը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ, քննարկել նրա՝ Հայաստան նախատեսվող այցի որոշ մանրամասներ: Ծերեթելին վերահաստատել է Հայաստան այցելելու ցանկությունը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներն ընթացել են հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում: