Օրեր առաջ հայկական արշավական ակումբներից մեկը բարձրացել էր Ամուլսար։ Սար բարձրանալուց հետո խմբի ուղեկցորդին կանչել են ոստիկանություն, քանի որ նրանք բարձրացել են «սեփական տարածք»։ Հարցի շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց արշավական ակումբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանի հետ։
«Գագաթին հասնելուն մնացել էր 2 մետր, երբ մեզ մոտեցան աշխատողներն ու ասացին, որ չենք կարող բարձրանալ, քանի որ դա սեփական տարածք է։ Բնական է, չենք լսել ու շարունակել ենք բարձրանալը։ Ուղղակի ասացինք, որ պետք է հանգստանանք, 35 հոգանոց խումբ էր ու 5 ժամ քայլել էինք։ Բարեհաջող հասանք գագաթ»,-ասաց Մարտիրոսյանը։
Մի քանի օր անց Մարտիրոսյանին կանչել են ոստիկանություն․ «Հետո ինձ զանգեցին, կանչեցին ոստիկանություն։ Ոստիկաններին ներկայացրեցի ամբողջ իրավիճակը։ Իրենց հայտարարության մեջ գրել էին՝ գույքի վնասում և կողոպուտի կասկած, որն անհեթեթություն էր»,- նշեց նա։
Մարտիրոսյանը նշում է, որ բարձրանալու ճանապարհին չեն հանդիպել որևէ տեխնիկայի, ուստի անհեթեթ են իրենց առաջադրված մեղադրանքները. «Մեր բարձրանալու ճանապարհին տեխնիկա չենք տեսել, բայց երբ հասանք գագաթ, մյուս կողմից տեսանք մի երկու տեխնիկա։ Բայց մենք այդ տեխնիկայի կողքով չենք անցել, էլ ուր մնաց վնասեինք»,- ասաց նա։
Մարտիրոսյանը զարմանքով նշում է, որ 5 տարվա արշավական փորձ ունի, բայց նման դեպքի դեռ չէր հանդիպել։
«Մեզ երբեք չեն ասել, որ լեռը սեփականացրած է։ Եղել են դեպքեր, որ արգելավայրեր ենք գնացել ու մեզ ասել են, որ պետք է թույլտվություն ունենաք, բայց որ սար չի կարելի բարձրանալ, երբեք չէր եղել, նույնիսկ՝ Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանում։ Աշխարհում ոչ մի տեղ լեռ չեն սեփականացնում»,- սրտնեղում է արշավականը։
Մարտիրոսյանը նաև ասաց, որ մոտ ժամանակահատվածում նորից են բարձրանալու Ամուլսար, քանի որ մարդկանց հետաքրքրությունը շատ մեծ է․ «Բացի այդ լեռը շատ գեղեցիկ է ու երթուղին էլ է շատ լավը։ Լեռը բոլոր շանսերն ունի տուրիստական շատ տարածված կետ լինելու համար»։
«Այս ամենը օրինական չէ, և մենք կշարունակենք մեր վերելքները»,- խոսքն ամփոփելով` ասաց Մարտիրոսյանը։
Նշենք նաև, որ գործը դեռ քննվում է։
Լուսանկարները՝ ArmLand ակումբի։