Գազի գինը վերջին շրջանում բուռն քննարկման է դրվել: Փորձագետները, տնտեսգետներն ու պետական պաշտոնյաները բանակների բաժանված պնդում են՝ գազի գինը կթանկանա կամ կնվազի: Այս հարցի մասին ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ:

«Գազի գնի թանկացման թեման հայկական լրատվամիջոցները վերցրին յութուբյան մի ալիքից, որն իբր հայերի և ադրբեջանցիների բարեկամական ալիքն է, էս ալիքը, իր ռուսական աղբյուրներին հղում անելով, ասաց, որ Հայաստանում գազը 30 տոկոսով կթանկանա:  Մեր մամուլը այս մեսիջը վերցրեց ու քանի ԵԱՏՄ գագաթնաժողովը կար, դնում էր անընդհատ շրջանառության մեջ»,-ասաց Մանուկյանը:

Մանուկյանը պնդում է, որ ոչ ոք չի կարող  վստահաբար հայտարարել՝ գազի գինը բարձրանալու է, թե իջնելու, որովհետև ոչ ոք փաստեր չունի:

 

«Աշխարհում վերջին մեկ տարվա կտրվածքով ավելի շատ գնանկման միտումներ կան, հնչեցված 30 տոկոսի չափով հենց գնանկման միտումներ կան: Ինչ տրամաբանությամբ, որ քննարկում են գազի գնի թանկացումը, նույն տրամաբանությամբ էլ կարող ենք քննարկել գնի նվազումը, որովհետև երկուսն էլ հավասար պայմաններում են փաստարկման տեսանկյունից»,-նշեց Մանուկյանը:

Պատգամավորի կարծիքով` հարցը կայունություն ձեռք կբերի այն ժամանակ, երբ գները կֆիքսվեն երկարաժամկետ հատվածում. «Գների երկարաժամկետ ֆիքսումը մեզ թույլ կտա հայրենական շուկայում դրանից բխող հնարավորությունները կյանքի կոչել, ինչպես նաև բիզնես միջավայրն իր վարքագծի համար ավելի մեծ տեսլական կունենա: Այս պահին մենք երկարաժամկետ հատվածում միայն ունենք, որ 2025  թվականին պետք է լինի միասնական էներգետիկ շուկա, միասնակակն արդար գնագոյացումներով»:

Այն հարցին, թե «Գազպրոմ Արմենիայի» և «Գազպրոմի» միջև այս պահին չկան քննարկումներ` պատասխանեց. «Ես պիտի երկորդեմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ասածը, ըստ որի` այս պահին բանակցություններ են ընթանում, և նա վստահեցրեց, որ թանկացում չի նախատեսվում: Բայց ես կարող եմ նաև հղում կատարել օրենսդրությանը, որով ամեն 6 ամիսը մեկ բնականոն հունով գնում է վերանայում` անկախ որևէ կարգի փոփոխություններից: Հերթական վեցամսյա ժամկետը ֆիքսված է հունվարի 1-ին: Հենց այդ ժամանակ, անկախ ամեն ինչից, գների վերանայում կլինի»:

 

Մանուկյանի խոսքով` գազի գնի տատնումները և՛ քաղաքական, և՛ տնտեսական կոմպոնենտներ է պարունակում, սակայն դրանք հատուկ Փաշինյանի դեմ չեն ուղղված. «Ես հիշում եմ, որ նույն Ռոբերտ Քոչարյանի օրոք, նաև հետո  2013 թ-ի պայմանագրերը շատ բարեհաջող ձևով նվազեցրին Հայաստանի հնարավորություններն այս ոլորտում դիվերսիֆիկացված քաղաքականություն վարելու համար»:

Պատգամավորը հաստատում է, որ ողջ աշխարհում գազի գինը տատանվում է, և անկայուն է տարբեր պատճառներով, դա նաև քիչ թե շատ անդրադառնում է Հայաստանի վրա. «Ռուսաստանի Դաշնությունում մատակարարման սակագները եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ իր բնակչության համար գազի գինը աճման միտում ունի: Թե ինչ չափով սա կկոմպենսացնի աշխարհում տիրող միտումները, ինչ անդրադարձ կունենա, չեմ կարող ասել: Բայց գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ գազի շուկան Եվրոպական գազապաստարաններում տաք ձմեռվա պատճառով բավականաչափ կուտակված գազ կա, ինչը նրանց պահանջարկը նվազեցրել է, և ինչի արդյունքում` գազի գները ողջ աշխարհում որոշակի անկում են գրանցում: Նայեք` ինչ տարբեր է աշխարհում իրավիճակը: Այսպիսի անկայունության իրավիճակում հստակ հայտարարություններով հանդես գալ չի կարելի, երբ չկան փաստեր, իսկ փաստեր իրապես չկան»,- եզրափակեց Մանուկյանը: