Այսօր Ազատության հրապարակում հերթական ֆորումն էր կազմակերպվել՝ Բաց քաղաքացիական խորհրդի շրջանակներում: Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ այդ ելույթ ունենալով ընթացիկ զարգացումների մասին, անդրադարձավ Սերժ Սարգսյանի պատասխան նամակին՝ նշելով, որ նամակի մասին կխոսի չորեքշաբթի օրը:
Այսօրվա բանախոսներն էին «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ու դիրիժոր Վարդան Հակոբյանը: Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, դա հրաշքի նման է. ՀՀ քաղաքացին հստակ ուղերձ է հղել, ասելով, որ խաղը ավարտված չէ և նոր Հայաստանը դեռ գալու է, և քաղաքացու համար կարևոր չէ, թե ով է շնորհավորել Սերժ Սարգսյանին:
«Սա այն քաղաքականությունը չէ, ինչին սովոր են ՀՀ իշխանությունները: Այն ինչ տեղի է ունենում Ազատության հրապարակից սկսած, դուրս է ՀՀ իշխանությունների ծրագրից:Եթե նրանք գտնում են, որ կարող են ժամանակ շահել տարատեսակ նամակագրությամբ՝չարտահայտելով հստակ վերաբերմունք, ուրեմն տանուլ են տալու»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նրա համոզմամբ՝ քաղաքական ճգնաժամի հաղթահարման գլխավոր միջոցը՝ դա նոր նախագահական ընտրություններն են: Ընտրությունների հետ կապված խնդիրը լուծել ընտրությունների հետ չկապված միջոցներով, ըստ Սաֆարյանի, դա լուծում չի ապահովելու և ճգնաժամ չի վերացնելու:
Անդրադառնալով այն նամակին, որը այսօր գրել է Սերժ Սարգսյանը, Ստյոպա Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ ժողովրդին փշրանքներ նետելու ժամանակներն արդեն անցել են,իսկ նամակից այն տպավորությունն է ստացել, որ բանակցության ձևական կողմն ավելի էական է Սերժ Սարգսյանի համար, քան նրա բովանդակային կողմը, ինչպես նաև նախապայման դնելու տպավորություն կա՝ կապված հացադուլը դադարեցնելու հետ:
«Բայց շատ ժամանակ չի մնացել, ես չէի ցանկանա, որ հերթական անգամ ձգձգվեր ու լուծում չտրվեր այս հարցերին: Օրվա հրամայականն է, որ ժողովրդն իր ներկայությամբ և ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ ամեն օր ցույց տա, որ թույլ չի տալու երկիրը շեղել իր հիմնական ուղուց: Մարդիկ կան, ովքեր ասում են, որ այն ինչ տեղի է ունենում Ազատության հրապարակում, քաղաքական պրոցես չէ, բայց այդ ինչպես է լինում, որ իշխանությունը ստիպված է լինում որոշակի արձագանքներ տալ, քաղաքացու բողոքին պատասխանում են հարցազրույցով: Ոսւտի այն, ինչ մենք անում ենք Ազատության հրապարակում դա ամենամեծ քաղաքականությունն է»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նա հանդես եկավ ինքնախոստովանությամբ ու ինքնաքննադատությամբ, ասելով, որ եթե ժողովուրդը ոտքի կանգներ ավելի վաղ ու պահանջեր, որ ընտրողների ցուցակները հրապարակվեն,այդ դեպքում ընտրակեղծիքների մասշտաբները այլ կլինեին: «Եթե մենք հետադարձ կապ ունենայինք մեր ժողովրդի կողմից, լինեին մարդիկ, ովքեր կպահեինք ժողովրդի քվեն, ուրեմն էլի մենք այլ պատկեր կունենայինք, ժողովուրդը ինքը պետք է ամենամեծ ու ամենաառաջին վստահված անձը լինի, այդ դեպքում մայիսին ընտրություններում այլ պատկեր կունենանք»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:
ԳԱԼԱ-ի այն հարցին՝ ինչ ճակատագիր կունենա Քաղաքացիական խորհուրդ ֆորոմի ընթացքը, եթե Սերժ Սարգսյանը բավարարի Րաֆֆի Հովհաննիսյանի երկու պահանջներից որևէ մեկը, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Այս ֆորումներից երբևէ չենք հրաժարվի, ոչ ես, ոչ էլ առավել ևս՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, դրանք շարունակվելու են»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի պատասխան նամակին, նա շեշտեց, որ չի ուզում կանխակալ գնահատական տալ նամակի անկեղծությանը՝ մի վերջին անգամ հավատալով նամակագրի անկեղծությանը, որով միգուցե փորձ է արվում համակարգված լուծում տալ այս ճգնաժամին:
«Մի փոքր համեմատություն կա այսօրվա նամակի ու Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսի միջև, եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանը մերժում էր ավելի շատ, այսօրվա նամակում մի փոքր այլ բան տեսա, ժողովրդին վերահսկողական լծակներ տալու վերաբերյալ միտք հնչեց:Եթե մենք մերժում ենք բանակցությունը, ուրեմն պետք է հասկանանք, ո՞րն է այլընտրանքը, եթե դա հեղափոխությունն է, ուրեմն չեմ կարծում, որ մեծամասնությաան ցանկությունը դա է: Պետք է ապահովել փոփոխություն, բայց ապահովել այն առանց արյան:
Ապրիլի 9-ին ժողովուրդն իր հերթական որոշումն է կայացնելու, որպեսզի չստացվի երկատված ճանապարհ պետության մեջ, և որպեսզի պետությունը «շպագատ» չնստի, ուրեմն պետք է գնալ բակացությունների, դա չի նշանակում զիջել, տեղի տալ, մոռանալ խնդիրը, կամ տրանսֆորմացնել խնդիրը այնպես, ինչպես ինքն է ցանկանում տրանսֆորմացնել: Եթե իշխանությունը խուսափեց ամբողջական լուծումներ տալուց, նա չի կարողանալու պահել իշխանությունը, չի կարելի նստել աթոռին, որի երկու ոտքը չկա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Մելանյա Մելքումյան