Մի քանի օր է Թուրքիան  վերսկսել է ռազմական գործողություները Սիրիայում: Ներկա պահին տիրող իրավիճակի, միջազգային կառույցների արձագանքի, ինչպես նաև այնտեղ ապրող, մարդասիրական օգնություն իրականացնող հայերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:

«Թուրքիան դեռ չի հասել իր այն արդյունքներին, որը ակնկալում էր: Դեռ իրականացնում է օդային և հեռահար ռմբակոծություններ: Թերևս արդյունքների մասին խոսելը շուտ է: Սակայն այսօրվա դրությամբ այդ ռմբակոծությունները մի փոքր մեղմացել են»,- նշեց թուրքագետը:

Ըստ Հովհաննիսյանի՝ ռազմական գործողությունների նվազելը պայմանավորրված է նրանով, որ, ըստ ամենայնի, Թուրքիան իրականացնում է հետախուզական տվյալների մշակում, որպեսզի անցնի ռազմական գործողությունների հաջորդ փուլին: Ռազմական գործողությոuնների հաջորդ փուլը ոչ թե, լինելու է օդային և հեռահար զինտեխնիկայով ռմբակոծություն, այլ արդեն հետևակի միջոցով այդ տարածքներ ներխուժելը:

«Եթե 2 օր առաջ քրդերը  չէին կարողանում ոչինչ անել, ապա երեկվանից քրդերը ևս անցել են թուրքական բնակավայրերի արկակոծմանը, հատկապես ուժային կառույցների շենքերը՝ օրինակ երեկ երեկոյան արկակոծել են թուրքիայի հարավ-արևելյան նահանգներից մեկի ոստիկանության շենքը, որի հետևանքով թուրքական կողմը զոհեր և վիրավորներ ունի»,- ասում է թուրքագետը:

 

Հովհաննիսյանն նշում է, որ այս 3 օրերի ընթացքում հակամարտող երկու կողմերն էլ ունեցան զոհեր ու վիրավորներ. «Թուրքական կողմը հայտարարում է տասը զոհի մասին, սակայն եթե նայում ենք ավելի անաչառ աղբյուրները, ապա 4 զոհ և 35 վիրավոր: Իսկ քրդական խաղաղ բնակչության մեջ  զոհերը 20-ից ավելի են, վիրավորները ՝ 40-ից ավելի : Մինչդեռ թուրքական կողմը հայտնում  է, որ ոչնչացրել է մոտ 400 ահաբեկիչ: Հիշեցնեմ, որ թուրքերը ահաբեկիչ են համարում քրդական բանակի զինվորներին: Այնուամենայնվ, քրդական կողմը չի հաստատում թուրքական կողմի հրապարակած տվյալները»:

«Ամեն դեպքում շատ դժվար է ասել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Ես հակված եմ մտածելու, որ ռազմական գործողությունները կարճ կտևեն: Ենթադրում եմ, որ շատ շուտով Թուրքիան  կսկսի բանակցել գերտերությունների հետ: Սրան  ձգտում է նաև ԱՄՆ՝ փորձելով բանակցային սեղանի մոտ բերել նաև քրդերին»,- շեշտեց  նա: 

 

Զրույցի ընթացքում Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Սիրիայում ապրող հայերին ու հայ խաղաղապահներին՝ մասնավորապես նշելով, որ հայկական կողմն ունի հումանիտար խումբ Սիրիայում, ովքեր զբաղվում են մարդասիրական աշխատանքներով: Բնականաբար, ռազմական գործողություններում չեն կարող մասնակցել, քանի որ փաստացի այդ տարածքը շրջափակման մեջ է ու վտանգավոր:

Ըստ փորձագետի տեղեկատվության՝ Քամիշլոյի հայ բնակիչները դեռ այնտեղ են: Մինչդեռ սահմանային բնակավայրերում ապրող 15 ընտանիք դուրս է եկել և տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր:  

«Կցանկանայի նաև անդրադառնալ այս օրերին համացանցում տարածվող  ապատեղեկատվություններին՝ մասնավորապես ասելով, որ նման իրավիճակներում, ասել է թե պատերազմական իրավիճակներում,  ապատեղեկատվությունը շատ ավելի ավերիչ ազդեցություն է ունենում խաղաղ բնակչության վրա, քան բուն ռազմական գործողությունները»,- խոսքն ամփոփելով՝ ասաց փորձագետը: