Նիկոլ Փաշինյանը այսօր կրկին անդրադաձել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, կոչ անելով քաղաքացիներին և տաքսիստներին լավ վերաբերվել զբոսաշրջիկներին: Վարչապետը նաև հավելել է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի երկնիշ աճը դեռևս շարունակվելու է 2020թ-ին: Ինչ խոսք, եթե որպես զբոսաշրջիկ հաշվարկվեն Հայաստան ժամանած տարատեսակ միջազգային ֆորումների մասնակիցները, հյուրերը, ինչպես նաև Եվրոպայից այս օրերին արտաքսվող մեր հայրենակիցները, մենք կունենանք ոչ թե երկնիշ, այլ եռանիշ, նույնիսկ քառանիշ աճ:
Սակայն իրավիճակը այլ է, շատ ավելի տխուր, քան պատկերացնում է կամ ցանկանում է ներկայացնել վարչապետ Փաշինյանը: ՊԵԿ-ի աշխատանքի արդյունքում Հայաստանի սահմանները հատող ցանկացող քաղաքացիների, զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է, քանի որ ոչ մեկ չի ցանկանա տաս ժամից ավել սպասել, թե երբ ի վերջո անցակետում սպասարկվելու հերթը կհասնի իրեն: Իսկ տերմինալները ավելացնել ՊԵԿ-ում ֆայմեցին ընդամենը վերջերս, երբ բանը բանից արդեն անցել էր: Ինչ վերաբերվում է մեկ այլ կառույցի և պաշտոնյայի, ով պետք է զարկ տար զբոսաշրջության զարգացմանը՝ քաղավիացիայի կոմիտեին և համապատասխանաբար Տաթևիկ Ռևազյանին, ապա այստեղ ևս բազմաթիվ հարցեր են առաջանում: Որտեղ է ազգային ավիափոխադրողը, որտեղ են խոստացված լոուքոսթերները, որտեղ է տոմսերի գների նվազումը:
Հայաստանը ունի նաև Զբոսաշրջության կոմիտե, որն ունի բյուջե, սակայն այդ բյուջեն, ըստ էության, ծախսում է ոչ նպատակային, իսկ կառույցի անունը լսում ենք միայն վերջինիս ղեկավարների փոփոխության դեպքում, ի դեպ՝ փոփոխությունները հաճախ են տեղի ունենում, թերևս մի բան այն չէ : Ներկայիս ղեկավարը՝ Սուսաննա Սաֆարյանը, նշանակվելիս հայտարարել էր, որ իր հետ բերում է տաս տարվա փորձը: Թերևս արդեն ժամանակն է այն ի ցույց դնելու համար: Ի վերջո մենք ունենք պատկան կառույցներ, որոնք պետք է աշխատեն, աշխատեն համակարգված ՝ զբոսաշրջության ոլորտը ոտքի կանգնեցնելու համար, հետևաբար շատ ավելի տեղին կլիներ, որ վարչապետը Ֆեյսբուքում տաքսիստներին և քաղաքացիներին տուրիստ ընդունել սովորեցնելու փոխարեն՝ հստակ հրահանգներ տար իր ենթականերին: