Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում կայացրեց մերժել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը դեռ չի հրապարակվել: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը թեմայի մասին զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ։

«Ինձ համար սպասելի էր Սահմանադրական դատարանի նման մոտեցումը: Նրանք, ըստ էության, ձեռնպահ մնացին խնդիրը առարկայական քննարկելուց: Իրենց խնդիրը իրենց պաշտոնները պահպանելն է, իրենց կլանը պահպանելը: Իրենք կամ քննարկելու էին՝ մտնելով առարկայական դաշտ , կամ կրիայի նման քաշվելու էին իրենց պատյանի մեջ՝ ասելով՝ մենք ոչ մի բան չենք քննարկում: Երկու տարբերակում էլ իրենք պարտված են: Իրենք ընտրել են ճանապարհ, որով, իրենց համոզմամբ, պիտի պաշտպանեն իրենց խումբը»:

Այն հարցին, թե ամեն դեպքում ՍԴ-ն ԱԺ-ի որոշումը վարույթ չընդունելու ինչ պատճառների և հիմքերի վրա կարող է հիմնված լինել, Հովակիմյանը պատասխանեց. «Ինչ էլ ներկայացնեինք ՍԴ-ին իրենք մերժելու էին: Իրենք տարիներ շարունակ ներդրել են մեխանիզմ, որն ասում է՝ կապ չունի ինչ է գրված, ոնց ուզենք կմեկնաբանենք: Հիմա էլ նույն սկզբունքով, կապ չունի ինչ հիմքեր են ներկայացված, չեն ուզել, չեն ընդունել: Մի օրինակ բերեմ, եթե նույնիսկ պարզվի, որ Հրայր Թովմասյանը այս պահին քրեորեն պատժելի արարք է կատարել, ՍԴ-ն չի տա համաձայնություն քրեական հետապնդում հարուցելու: Հասկանում եք՝ նույնիսկ այդպիսի պարագայում իրենք համաձայնություն չեն տա, որովհետև կլանի մեջ են, և սկսված պրոցեսը իրենց բոլորին է սպառնում»:

ԱԺ-ի որոշման հիմքերի մասին խոսելիս պատգամավորը նորից պնդեց, որ հիմքերը դեր չեն խաղացել. «Հիմքերից ենք խոսում, ձեր կարծիքով իրենք չգիտեն, որ Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ոչ ֆորմալ անդամներից է: Սա անթույլատրելի է: Սրանից էլ կարևոր հիմք»:

Հովակիմյանի պնդմամբ «Իմ քայլը» խմբակցությունը ստանձնել է առաքելություն, որով ամեն կերպ անելու է այնպես, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա հանրային վստահություն վայելող, քաղաքական ուժերի ճնշումներից անկախ Սահմանադրական դատարան: Ինչպես նաև ունենա ՍԴ դատավորներ, ովքեր իրենց որոշումները կայացնելիս կառաջնորդվեն բացառապես Սահմանադրությամբ: Այդ առաքելությունն իրականացնելու համար «Իմ քայլը» նոր գործիքակազմ կօգտագործի. «Հրայր Թովմասյանը վստահ ասում է, որ մնալու է մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, ես էլ եմ ասում՝ մնալու է մինչև պաշտոնավարման վերջը, բայց, թե այդ վերջը երբ է, սա է ամբողջ խնդիրը: Իսկ այդ վերջը հաստատ 2035 թվականը չէ: Համոզված եղեք, որ այս խնդիրը լուծվելու է: Մենք իրենց թույլ չենք տալու նրանց նորից օգտվել իրենց սարքած կոռուպցիայի բորշից»: