Ադրբեջանցի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Սիյավուշ Նովրուզովը կոչ է արել գնդակահարել պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևին, որը համարձակվել է քննադատել երկրի նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես գրում է Lenta.ru-ն, Ses գործակալությանը տված հարցազույցում և կուսակցական մամուլի էջերում պատգամավորը նախկին նախարարին անվանել է «անպատիիվ և անխիղճ», «դավաճան» և «ռուսաստանյան հետախուզության գործակալ», ինչպես նաև՝ «պալատական շուն, որին հարկավոր է գնդակահարել, իսկ տունը՝ կրակի մատնել»։
Գազիևի հասցեին վիրավորանքները սկսեցին հնչել Ադրբեջանի նախագահին ուղղված նրա բաց նամակի հրապարակումից հետո։ Այդ նամակում նախկին նախարարը Ալիևին կոչ էր արել տեղ տալ ճշմարտությանն ու արդարությանը և ներողություն խնդրել ժողովրդից, որը տարիներ շարունակ զրկանքների է ենթարկվել ներկա և նախկին նախագահների կողմից։
Նախկին նախարարը նաև զգուշացրել էր Ալիևին, որ վերջինիս շրջապատը կարող է շուռ գալ նրա դեմ։ «Մի մոռացիր, քեզ շրջապատողները և արդեն շնաձկների վերածված չինովնիկ-օլիգարխները, նախարարները, գործադիր իշխանության ղեկավարները և մյուսները կարճ ժամանակում քեզ համար կդառնան սարսափելի և անողոք ընդդիմություն։ Այդ օրը հեռու չէ»,— գրել էր նա։
Նախկին նախարարը անդրադարձել էր նաև «դեդովշինայի» հետևանքով ադրբեջանական բանակում արձանագրվող մահվան դեպքերին։
Նամակը հրապարակվել է մարտի 18-ին։ Հաջորդ օրը Գազիևին ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն։
Գազիևի խոսքերով, իրեն հասկացրել են, որ դա կապված է իր հրապարակումների հետ։ Ըստ նախկին նախարարի, իրեն ասել են. «Դու սկսել են այստեղ-այնտեղ ինչ-որ բաներ գրել։ Քեզ հանգիստ պահիր»։ Որոշ ժամանակ խցում պահելուց հետո նրան բաց են թողել։
Ադրբեջանի ՆԳՆ-ը ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել՝ ծիծաղելի պատճառաբանությամբ։ Գերատեսչությունը հաղորդել էր, որ նախկին նախարարը «պատահաբար հայտնվել է մի հանցագործի բռնելու նպատակով անցկացվող հատուկ գործողության տարածքում և չի ենթարկվել ոստիկանությանը։
Նշենք, որ Ռահիմ Գազիևը զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը 1990-ականների սկզբներին։ 1993 թվականին նրան ձերբակալել են՝ Շուշի քաղաքը հանձնելու մեղադրանքով և դատապարտել մահվան։ Ավելի ուշ գնդակահարությունը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ 2005 թվականին Գազիևը ազատութուն ստացավ համաներման արդյունքում։