Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը: Որոշման հիմքերի ու պատճառների մասին ԼՈՒՐԵՐ.com -ի թղթակիցը զրուցել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի հետ:
Պատգամավորը պնդում է, որ վարույթ չընդունելու պատճառները ոչ թե ԱԺ-ի ներկայացրած որոշման թույլ կամ ուժեղ հիմքերն են եղել, այլ ՍԴ ներքին պայմանավորվածությունը. «Լուռ որոշում ունեին նրանք, որով նախապես պայմանավորվել էին վարույթն ամեն կերպ մերժել: Մնում էր միայն իրավական ձևակերպումներ տալ, իբր տվեցին: Քիչ էր մնում կետադրական նշանների մեջ սխալներ գտնեին, որպես մերժման հիմք ներկայացնեին»:
ԲՀԿ-ն, նաև այլ արտախորհրդարանական ուժեր ու մասնագետներ, դեռևս ԱԺ քննարկումների ժամանակ պնդում էին, որ ներկայացվող հիմքերը թույլ են, և հատկապես ժամկետների մասով խախտում կա որոշման մեջ, սակայն սա հաշվի չառնվեց նախաձեռնողների կողմից, և ահա պարզ է դառնում, որ որոշման վարույթ չընդունելու հիմքերից մեկը հենց ժամկետների խախտումն է:
Հովակիմյանը մեկնաբանեց, թե ինչու իրենք, ամեն դեպքում, հաշվի չառան այդ կետը. «Երկշաբաթյա ժամկետի մասին մենք միշտ խոսել ենք, մանրամասն բացատրել: Եթե շատ պարզ բացատրեմ, էսպես է ստացվում. իրենք մեզ ասում են՝ մենք գործողությունն արել ենք, դուք իմացել եք դրա մասին, ինչու՞ միանգամից չեք բողոքել: Մենք էլ ասում ենք՝ ձեր արած գործողության նպատակը պարզ էր դառնալու սեպտեմբերի 4-ի որոշմամբ: Մինչ այդ մենք ինչպես կարող էինք նախապես մեղադրել Հրայր Թովմասյանին ու ասել, որ իրենք այդ գործողությունն անում են սեպտեմբերի 4-ի որոշման համար: Իրենք կարող էին այլ ավելի անհավանական բաներ էլ գրել, միայն թե մերժման համար փաթեթավորում ունենային»:
Իսկ, թե ինչպես ստացվեց, որ նախապես մի շարք ուժերի կողմից առաջ քաշված թեզը համապատասխանեց վերջնական որոշմանը, այսինքն ՍԴ-ն վարույթ չընդունեց հենց երկշաբաթյա ժամկետների խախտման պատճառով, Հովակիմյանն ասաց. «Հենց առաջին անգամ այդ պնդումը առաջ քաշվեց, ես ասացի մեր թիմին, որ հենց նույն պնդումով էլ կմերժեն: Որովհետև լավ տեսնում էինք, թե այդ թեզը ում ջրաղացին ջուր լցնող շրջանակների, ինչ մասնագետների կողմից էր առաջ քաշվում»:
Հիշեցնենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ևս այդ պնդմամբ էր հանդես գալիս, սակայն նրանց մասով Հովակիմյանը մեկնաբանություն տալ չցանկացավ, միայն ասաց, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ նրանք երևույթին գնահատական տային: Հովակիմյանն ասաց, որ իրենց թիմը դեռ քննարկում չի ունեցել և հետագա քայլերը դեռ հստակ չեն, սակայն սա չի խանգարում նրան նախկինում ունեցած վստահությամբ պնդել, որ խնդիրը լուծվելու է:
«Այն ինչ տեղի է ունեցել, ոչ ոք չի կարող ժխտել: Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հրայր Թովմասյանը քաղաքական կյանքում ակտիվ գործիչ է, ունի կոնկրետ քաղաքական շահեր: Ինքն իր հարցազրույցում հանդես եկավ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ: Թովմասյանի տեղը ՍԴ-ն չէ հենց այս պարզ պատճառներով: ՍԴ-ում կա ճգնաժամ, այդ ճգնաժամը Ազգային Ժողովը պիտի լուծի, և պիտի լուծի բոլոր հնարավոր իրավական ճանապարհներով: ՀՀ-ն պիտի ունենա հանրային լեգիտիմություն ունեցող Սահմանադրական դատարան»,- եզրափակեց Հովակիմյանը: