Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ․
«Սիրելի՛ երևանցիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի տարբեր կողմերում,
Երևանի հարգելի՛ բարեկամներ ու հյուրեր,
Այսօր ամենայն հայոց մայրաքաղաքի տոնն է՝ Երևանի օրը:
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր Երևանը, որոնք միանում ու դառնում են մեկն ու միակը:
Երևանը բոլորինս է, աշխարհի որ կետում էլ գտնվենք:
Երևանի պատմամշակութային ժառանգությունը մեր արժեքների անբաժանելի մասն է: Այն պետք է պահպանել ու փոխանցել սերնդեսերունդ՝ որպես հպարտություն, որպես ազգային կենսունակության վկայություն, ոգեշնչման անփոխարինելի աղբյուր:
Երևանը կարելի՛ է սիրել և պե՛տք է սիրել նաև նրա հանդեպ հոգատար ու սրտացավ լինելով:
Երևանը միայն արտաքուստ է քարի քաղաք: Իրականում այն չափազանց նուրբ է ու զգայուն:
Երևանը հիշողություն ունի:
Երևանը լայնաժպիտ կանչում ու մեծահոգաբար ընդունում է բոլորիս:
Երևանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ:
Երևանն այսօր ևս մեկ էջ է ավելացնում շուրջ երեքհազարամյա իր պատմությանը: Այդ պատմությունը գրվում է ամեն մեկիս միջոցով՝ մեր աշխատանքի, մեր վերաբերմունքի, արարումի, խոհի միջոցով՝ հայրենիքում կամ նրա սահմաններից դուրս:
Սիրե՛նք Երևանը, ամեն Աստծո օր մի միտք, մի երազանք, մի գաղափար հղանանք, դրանք գործ ու իրականություն դարձնենք՝ հանուն Երևանի ու երևանցու, հանուն Հայաստանի և համայն հայության:
Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր»: