«Չգիտեմ, թե գետը երբ կմաքրվի, իհարկե չեմ էլ պատկերացնում, թե ինչպե՞ս են ամբողջությամբ մաքրելու»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով Ողջի գետին, որտեղ օրեր առաջ մետաղյա խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետևանքով լցվել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի  կեղտաջրերը:

Image result for բնապահպան Սիլվա Ադամյան

«Տեսչական մարմինը, եթե ժամանակին նորմալ ստուգումներ անցկացներ բոլոր հանքարդյունաբերական կենտրոններում և այն լիներ շարունակական՝ ձեռնարկատերերն էլ զգոն կլինեին և այս վիճակին չէինք հասնի: Բայց քանի որ տեսչական մարմինը իր տեղում չէ, զգոնությունն էլ լրիվ կորցված է, բնական է՝ նման իրավիճակ պետք է ստեղծվեր: Զգոնությունը պետք է գա պատկան մարմիններից, ում վրա դրված է հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրելը: Սկսում են ինչ-որ բան անել, երբ արդեն վթար է լինում, գետերը աղտոտվում են, բա մինչև այդ ո՞ւր եք, ինչո՞ւ ժամանակին չեք կասեցնում, որպեսզի այս վիճակը չստեղծվի: Քննություն պետք է տարվի, որպեսզի հասկանանք, թե ի՞նչն է այս դեպքի պատճառը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ խնդիրը կա, ոչինչ չի փոխվել:

 

Նրա խոսքով՝ պոչամբարից հոսած կեղտաջրերը առողջական խնդիրների առաջացման պատճառ կարող են դառնալ. «Այս հարցով պետք է զբաղվի Առողջապահության նախարարությունը, որի հետ կապված բազմիցս կոնֆլիկներ ենք ունեցել: Նախարարությունը նախկինում լավ չի աշխատել և հիմա էլ նույն ձևով շարունակվում է: Ե՛վ Լոռիում, և՛ Սյունիքում, և՛ մնացած մասերում, որտեղ հանքեր ունենք, պետք է ուսումնասիրություններ և հետազոտություններ կատարվեն: Մի հավաքի ժամանակ ես նոր նախարար Արսեն Թորոսյանից հատաքրքրվեցի՝ արդյոք Ամուլսարի հետ կապված նախնական հետազոտություններ արվել է, թե՞ ոչ, սակայն հարցիս պատասխանն այդպես էլ չստացա: Մեր նամակներին էլ օդային պատասխաններ են տալիս, դրա համար շատ բան ակնկալել չենք կարող»,- նշեց Ադամյանը: 

Ժամանակ առ ժամանակ հետազոտություններ անել, կասեցնել վատ իրավիճակը, ստիպել գործարարին ճիշտ աշխատել. բնապահպանի խոսքով՝ այս ամենը պետական մակարդակով ուշադրության կենտրոնում պետք է լինի, բայց ոչինչ չի արվում:

 

Սոնա Հարությունյան