ՍԴ-ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսեց առաջիկայում սպասվելիք գործընթացների վերաբերյալ: Ասաց, որ հետքայլ չեն անելու. «Սահմանադրական արդարադատության հաստատումը առաջին պլանում է մնալու: Հետքայլ չի լինելու նրանից, որ պետական մարմինները պարտավոր են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: ՍԴ-ն, չունենալով վերադաս մարմին, այդուհանդերձ, ունի պարտավորություն չշեղվել իր սահմանադրական առաքելությունից: Սահմանադրական առաքելությունը նշանակում է հետեւյալը՝ դու պետք է գործես քո լիազորությունների շրջանակներում»:
Վարդանյանի պնդմամբ' ՍԴ-ն պետք է սահմանադրական ճգնաժամերը լուծի, այլ ոչ թե խորացնի ճգնաժամերը. «Ես խորապես մտահոգված եմ այն մեկնաբանությամբ, որը տրվել է ՍԴ-ի կողմից՝ կապված այն հարցի հետ, որ մինչեւ ՍԴ-ն համապատասխան որոշում չկայացնի, ԱԺ-ն չի կարող կարգապահական խախտման հիմքով դիմել ՍԴ, որովհետեւ սա նշանակում է, որ ՍԴ-ն, ըստ էության, մեկնաբանել է օրենքը եւ այնպիսի մեկնաբանություն է տվել, որն, ըստ էության, հակասում է Սահմանադրությանը»:
Պատգամավորի համոզմամբ' ՍԴ-ն այս որոշմամբ առնվազն զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից. «Մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ սահմանադրական անվտանգությունը կարող է խաթարված լինել»:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հաջորդ քայլերին՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց. ««Իմ քայլը», առաջնորդվելով իր լիազորություններով, իրականացնելու է համապատասխան գործողություններ: Իրոք, շատ վտանգավոր է իրավիճակը, երբ պետական որեւէ մարմին շեղվում է իր սահմանադրական առաքելությունից, շեղվելու համար ստեղծված է ՍԴ-ն, որպեսզի թույլ չտա, որ այս կամ այն մարմինը շեղվի, իսկ եթե ՍԴ-ն է շեղվում իր սահմանադրական առաքելությունից, ինչ անես: Սա լրջագույն պրոբլեմներից մեկն է, որովհետեւ որեւիցե իրավազորության շրջանակներում որեւիցե երկրում չունի միանշանակ լուծում»:
Հարցին, թե կարող ենք ասել, որ հարցի լուծումը փակուղի է գնում, Վարդանյանը պատասխանեց. «Չկա փակուղի, բայց ցանկացած պետական մարմին այնպես պետք է գործի, որպեսի խուսափի ճգնաժամերից և խուսափի սահմանադրական անվտանգությանը սպառնացող վտանգներ ստեղծելուց»:
Վլադիմիր Վարդանյանը, հակառակ իր թիմակիցների, չէր սպասում ՍԴ-ի այս կարգի որոշման, և պնդում է, որ ՍԴ-ի այս որոշումը խորացնում է ստեղծված ճգնաժամը, ինչին պիտի լուծում տան իրենք. «Քանի դեռ իրադարձությունները զարգանում են եւ մենք ունենում ենք այսպիսի դատական ակտեր, մենք, իհարկե, ձեռքներս ծալած չենք նստելու: Բայց պետք է մնանք մեր լիազորությունների շրջանակներում»: