Այսօր Նկարիչների միությունում բացվեց Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Իրականության բացահայտումներ» խորագիրը: Ներկայացված է ավելի քան հիսուն աշխատանք, որոնք ծնվել են վերջին երեք տարվա ընթացքում:
«Այս ցուցահանդեսը իրականության բացահայտումն է՝ արվեստի, լույսի, գույնի միջոցով: Ես կարծում եմ, որ մեր իրականության և ճշմարտության ընկալումներն ամուր միահյուսված են մեր երևակայական և ստեղծագործական պատկերացումների հետ»,- ասում է Ասլանյանը:
Ներկայացված նկարները բաժանված էին ըստ շարքերի՝ «Ծաղիկ», «Արև», «Բնապատկերներ», «Իրականություն», «Ծառեր», որոնցից յուրաքանչյուրն առանձնանում էր իրեն հատուկ նրբությամբ ու գունային համադրությամբ:
«Մտքերը, գաղափարներն են միացնում նկարներս իրար ու ստեղծվում շարքեր: Այդուհանդերձ, յուրաքանչյուր նկար իր մեջ ունի գեղանկարչական խնդիրներ և լուծումներ: Այս ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել եմ գեղանկարչական մի քանի նոր մոտեցումներ: Օրինակ` «Բնապատկեր» շարքում նոր թվային տոխնոլոգիաների օգտագործումը դասական կտավ-յուղաներկի վրա: Իսկ «Արև» շարքում թափանցիկ երեք շերտով ստացել եմ պատկերը, որը հենց նկար է»,- ընդգծեց նկարչուհին:
«Գունային ընտրությունը ևս պատահական չէ: Ցանկացա շեշտել մշտական հակասությունները, որը գոյություն ունի և որը մեզ մշտապես ուղեկցում է: Այս նկարներն ասես գաղափարական վեճեր լինեն»,- ասաց Ասլանյանը:
Ցուցահանդեսին ներկայացված են նկարչուհու վերջին 3 տարիների աշխատանքները:
«Ես անընդհատ որոնումների մեջ եմ ու հաճախ եմ զուգահեռներ անցկացնում իմ գեղանկարչության ու բնության մեջ, ինչպես նաև` բնության մարդկային էության ու կյանքի միջև: Ծաղիկն ինձ համար անսպառ գունային, գծային գաղափարների աղբյուր է»,-նշեց նա:
Նկարչուհին ասում է, որ դիտողը ազատ է իր ընկալման մեջ: Երբ նայում է նկարին, կարծես ստեղծագործում է նկարչի հետ միասին:
Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 30-ը: