Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կառավարությունը որոշեց «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված՝ 3 տարի ժամկետով: Ընկերությունը զբաղվում է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի (նաև գազավորված) արտադրությամբ։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր՝ շուրջ 119 միլիոն դրամի չափով ներդրում, որից սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 93 մլն դրամ, իսկ այլ ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը՝ 25,9 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում 3 տարվա ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ' 160-170 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նշենք, որ «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ընկերությունը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին։