«Քաղաքական դատավարություն»,- լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանն այսպես որակեց իր պաշտպանյալին կալանավորելու՝ դատարանի որոշումը։

Նա նշեց՝ Արսեն Բաբայանը ներկա է եղել դատական նիստին։

«Չեմ կարծում, որ սա այն դատավորն էր, որը կարող էր անկախ գործել։ Ակնհայտ ապօրինի գործընթացներ են տեղի ունենում։ Մենք գրավի միջնորդություն էինք ներկայացրել, թեև գտնում էինք՝ կալանքը որպես խափանման միջոց չի կարող ընդհանրապես կիրառվել, քանի որ մեղադրանքն ընդհանրապես անհիմն էր և հիմնավոր կասկածն առկա չէր», - ասաց Սահակյանը՝ նշելով, որ որոշման հիմքերի մասին անգամ չեմ էլ ուզում խոսել։

Նրա խոսքոով՝ հերթական անձը պետք է անազատության մեջ լինի, որպեսզի հերթական ճնշումը լինի Հրայր Թովմասյանի նկատմամբ․ «Դատարանը դա ապահովեց»։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումը՝ իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով՝ 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում' այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: