Արդեն տեղեկացրել էինք, որ Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական «ORSIS» ընկերությունը։ Ընկերության կողմից նշել էին, որ իրենց ընկերության հայտը՝ մասնակցելու մրցույթին, «առանց հիմնավորման մերժվել է», իսկ ընկերությունն «առանց պատճառի ներառվել է ՀՀ զինված ուժերի անբարեխիղճ մատակարարների» ցուցակում: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի և քարոզչության մասնագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ:

 

«Ցավոք, «ORSIS»-ի թեման, ի սկզբանե, տարատեսակ անանուն աղբյուրների, այս և այլ անհասկանալի մղումների պատճառով սխալ ուղղությամբ գնաց, և այն հայտարարությունը, որ քրեական գործ է հարուցված, պարզվեց, որ լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում։ Ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման նույն անանուն աղբյուրների անհասկանալի բացատրություններով»,-ասաց ՊՆ խոսնակը։

 

Արծրուն Հովհաննիսյանը որևէ կոնկրետ գնահատականներ չտվեց, թե իրականում ի՞նչ է եղել, ի՞նչ հանգուցալուծում և ի՞նչ պաշտանական դիրքորոշումներ կան. «Ուղղակի կասեմ, որ այս պահին էլ նույն տեղեկությունը հայտարարողն ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ «ORSIS»-ի մայր ընկերությունը և հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավական գործիքներ ներկայացնող կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտաները, որպես կանոն, այդպիսին չեն լինում, բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակն այսպես հանգուցալուծել և հասկանալ իրավիճակի մանրամասները»,- նշեց Հովհաննիսյանը:

 

Կարեն Վրթանեսյանն էլ կարծում է՝ ինչ որ լարում հնարավոր է լինի. «Ոչինչ բացառված չէ: Կոնկրետ այս դեպքը ես չեմ կապում ներկա իշխանությունների հատուկ քաղաքականության հետ: Իրականում, քանի դեռ հստակ պատճառները հրապարակված չեն, անհնար է ասել, թե սա ինչ հետևանք կարող է ունենալ: Մենք չգիտենք՝ ինչ պայմանավորվածություն է եղել ու ինչ է խոսվել: Հիմա, ամենայն հավանականությամբ, կհնչեն մեղադրանքներ: Միայն կարող եմ ասել, որ այդ ընկերությունը համեմատաբար նոր գործընկեր է մեզ համար»,-նշեց նա:

 

Հիշեցնենք, որ սա ՊԲ և «ORSIS» ընկերության առաջին տարաձայնությունը չէ: Դեռ ամռանը լուր էր տարածվել, որ ռուսական «ORSIS» ընկերությունը ՀՀ ՊՆ-ին դատի է տվել մրցույթի տապալման համար:

Լուսինե Մարդոյան