Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:
Նախքան նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում Առուստումյանն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Նշենք, որ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Քննչական կոմիտեն միջնորդել էր կալանավորվել գործարարին, դատարանը մոտ մեկ ամիս առաջ որոշեց նրան ազատության մեջ թողնել 20 միլիոն դրամ գրավի դիմաց:
Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության ղեկավարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածության կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու վերաբերյալ:
Որոշումներ են կայացվել՝ «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին, Սուրեն Ավագյանին, Գուրգեն Սարգսյանին, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրեններին ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին և առաջադրվել են մեղադրանքներ: