Հայաստանի կառավարությունը որոշակի տնտեսական ակտիվություն և սոցիալական վիճակի փոփոխություն է ակնկալում Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում: Ազգային ժողովում ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դուք գիտեք, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն իրենց ամբողջ ծավալով: Սոցիալական մասով կարևոր է արձանագրել, որ մոտավոր հաշվարկով շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում: Այսինքն՝ դա նոմինալ չի լինելու աշխատավարձերի բարձրացում, այլ, քանի որ մենք Հարկային օրենսգրքում եկամտահարկի համահարթ դրույքաչափ ենք սահմանել, ըստ էության, մոտավոր 200 հազար քաղաքացիների աշխատավարձը, փաստացի տնօրինվող գումարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բերումով»,- մանրամասնեց վարչապետը:
Վարչապետը հիշեցրել է, որ աղետի գոտու վերաբերյալ քաղաքականությունը որոշակիորեն փոխել են, և 2020թ. 3 մլրդ դրամ են հատկացրել, որպեսզի լուծեն աղետի գոտու այն բնակիչների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: «Եվ մենք հիմա մի քանի մոդելներ քննարկում ենք, և այդ մոդելների մի մասն այս տարի արդեն կփորձարկվի»,- ասաց նա: