Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին ծրագրված չէ, նախապատրաստվում է արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումների շարունակություն՝ առաջիկա ամիսներին: Այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հոկտեմբերի 28-ին Բուլղարիայի ԱԳՆ Եկատերինա Զախարիևայի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում:

«Կենտրոնացած ենք արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումների շարունակման վրա, որը հիմքն է ղեկավարների մակարդակով հանդիպում նախապատրաստելու համար»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ օրակարգը վերաբերում է՝ թե բուն խաղաղ կարգավորման անմիջական հարցերին, թե միջավայրին, որի շրջանակում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը: «Եղել է ղեկավարների շփում Աշխաբադում, որը կարևոր էր այն առումով, որ հնարավոր է եղել վերահաստատել կողմերի որոշ մոտեցումներ, սկզբունքներ, որոնք վերաբերում են նաև խաղաղությանը նպաստող միջավայրին»,-ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը մասնավորեցրեց՝ դեռևս կոնկրետ թղթի վրա ձևավորված ձևակերպումների վրա աշխատանք չի  կատարվում: «Բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում տարբեր սկզբունքների և պարամետրերի շուրջ՝ հստակեցնելու, թե ինչպես կարելի է կառուցել կողմերի միջև պարտավորությունների անհրաժեշտ համաչափությունը: 27 տարվա ընթացքում եղել են տարբեր գաղափարներ, տարբեր փաստաթղթեր, վերջինը եղել է Կազանի փաստաթուղթը: ՀՀ վարչապետը շատ լավ և շատ հստակ տիրապետում է ԼՂ խնդրին, և նա փորձում է էլ ավելի յուրացնել տարբեր նրբություններ»,-հստակեցրեց նախարար Մնացականյանը: