ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը կարևոր քայլ է համարում Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այս մասին Մանուկյանն ասաց հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Մինչ քննարկմանն անցնելը, ես կցանկանայի գոհունակությունս հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վաղ առավոտյան ընդունված բանաձևի կապակցությամբ: Սա շատ կարևոր քայլ է, և պետք է նպաստի ցեղասպանության հարցերի միջազգայնացմանը»,- ասաց Մանուկյանը:

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ, այս բանաձևի ընդունումը, հավանաբար, ուշացած, բայց անհրաժեշտ քայլ էր Միացյալ Նահանգների կողմից:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը։