Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մի քանի ամիս է` ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և շատ մտահոգված է մի կողմից Կառավարության և ԱԺ-ի, մյուս կողմից՝ ՍԴ-ի միջև առկա կոնֆլիկտի փաստով: Վենետիկի հանձնաժողի նախագահն արձանագրել է, որ իրադարձությունների արագ հաջորդականությունը չի նպաստում խնդրի կարգավորմանը: Նա նշել է, որ վերջին իրադարձությունների արագ հաջորդականությունը և հանրայնացումը չեն նպաստում խնդիրների սահուն կարգավորմանը: «Մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման՝ նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի: Գնդակը իշխանությունների դաշտում է, և ես ձեռնպահ կմնամ որևէ կարծիք հայտնելուց, մինչև չտեսնեմ՝ ինչ են նրանք առաջարկում»-նշել է Բուքիքիոն:
Թեև այս հայտարարությունները անգամ առանց տողատակի էլ հասկանալի են, իշխանությունը և ընդդիմությունը դրանք մեկնաբանում են յուրովի՝ յուրաքանչյուրը իր քաղաքական շահերից ելնելով: Իհարկե «Իմ քայլ»-ի ներկայացուցիչները դժվար թե ընդունեին, որ Բուքիքիոն իրենց մեղադրում է երկրի սահմանադրությունը խախտելու մեջ, հետևաբար անհրաժեշտ էր գտնել մեկ այլ մեկնաբանություն և պետք է ասել, որ իշխանական թիմի ներկայացուցիչները այն գտել են: Որքան էլ որ տարակուսելի չլինի, սակայն իշխանավորների տեքստերը մեկը մյուսից չէին էլ տարբերվում, իսկ բուն միտքը հետևյալն էր ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի այս հայտարարությունը նշանակում է, որ վերջինս փաստացի ընդունում է, որ այսօրվա Սահմանադրական դատարանում հաստատված ստատուս քվոն Հրայր Թովմասյանի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Ինքը՝ Բուքիքիոն իր խոսքերի նման մեկնաբանությունից հետո թերևս կրկին վերընթերցեր իր կողմից արված հայտարարությունները…
Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, մասնավորապես ՀՀԿ-ին, որին վերջին շրջանում շատ էին մեղադրում Վենետիկի հանձնաժողովի վրա ճնշում գործադրելով, կապեր բանեցնելով, ապա ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանի արձագանքը սպասելի էր: ՀՀԿ-ն, իհարկե, իրավիճակին նայում է այլ պրիզմայի ներքո՝ միանալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի մտահոգություններին և Փաշինյանի թիմին մեղադրելով ՍԴ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ:
Վենետիկի հանձնաժողովի նախագահի ուղերձը, իհարկե, հստակ արձանագրում է այն խաղի կանոնները, որոնց պահպանումը պահանջվելու է միջազգային հանրության կողմից: Եթե դրանք չպահպանվեն, ապա Հայաստանի իշխանությունները կարող են անչափ թանկ քաղաքական գին վճարել նման քայլի դիմաց: Հետևաբար կարիք չկա ջայլամային քաղաքականության, Բուքիքիոյի խոսքերը վերախմբագրելու և վերաիմաստավորելու կարիք ևս չկա: Որքան շուտ իշխանությունները գիտակցեն, որ լուրջ հարված են հասցնում Հայաստանի միջազգային վարկանիշին, այդքան քիչ այդ վարկանիշը կտուժի…