Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ ունեցել է գործնական հարաբերություններ: «Իրավական առումով ենք առնչվել, այսինքն՝ ես փաստաբան եմ եղել, իմ գործունեության շրջանակներում եղել են հարցեր, որոնց շրջանակներում աշխատել ենք»,- ասաց Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Նորանշանակ մարզպետն ասաց, որ Տրդատ Սարգսյանի հրաժարականը ձևական բնույթ չի կրում, ինքն էլ որևէ կապ չունի նախկին մարզպետի հետ։ «Տրդատ Սարգսյանի հետ ինձ որևէ մեկը չի կարող կապել։ Ես անկուսակցական եմ, նախկին մարզպետի, որևէ մեկի հետ թիմակից համարվել չեմ կարող»,- հավելեց նա։ Ըստ նորանշանակ մարզպետի՝ աշխատելու է անաչառ, անկաշկանդ, որևէ մեկից կախում չունի, մարզում պետական քաղաքականություն է իրականացնելու։

Արարատ Գրիգորյանը հավելեց, որ իրեն մարզպետ նշանակելու առաջարկն ստացել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից: