ԱԺ-ում այսօր պետք է տեղի ունենար տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների, ինչպես նաև 2017 թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի և Քննչական կոմիտեի քննիչների հանդիպումը։
Հանդիպումը մեկնարկեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում՝ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարությամբ։
Սակայն զոհված զինվորների գործերով զբաղվող քննիչների, հանձնաժողովի մյուս անդամների և զոհված զինծառայողների միջև վիճաբանություն սկսվեց: Ծնողները մեղադրում էին քննիչներին՝ իրենց զավակների գործերի ուղղությամբ տարվող քննության տեմպերից՝ հայտարարելով, որ գործը չի բացահայտվում մինչև վերջ, իսկ քննիչները նշում էին, որ այս պայմաններում քննարկում կազմակերպել հնարավոր չէ։
Նիստը նախագահող Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս քննարկումը կազմակերպելիս ենթադրում էր, որ նիստը լարված մթնոլորտում է անցնելու, բայց որ այսպիսի արմագեդոն կլինի՝ չէր պատկերացնում։
«Մենք ուզում ենք, որ այս հանձնաժողովը դառնա հարթակ, չեմ ուզում, որ դուք դուրս գաք փողոց, գնաք նախագահական նստավայր կամ այլ վայր, ձեզ քաշքշեն։ Եկեք իրենց էլ լսենք։ Հասկանում ենք Ձեզ, բայց զսպեք Ձեզ, եկեք լսենք մյուս կողմին, եկեք կրքերը հանդարտեցնենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Տեսանյութը՝ 24News.am-ի։