Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի նախկին քաղաքապետ Իսլամ Կադիրովը, որը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ազգականն է, ներողություն է խնդրել տեսանյութի հրապարակումից հետո, որում նա, դեռ զբաղեցնելով Գրոզնիի քաղաքապետի պաշտոնը, էլեկտրաշոկերով տանջում է մարդկանց: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես արդարացումներ չունեմ, հարյուր տոկոսով մեղավոր եմ: Ես պատրաստ եմ պատիժ կրել իմ սխալների համար, բայց ես դա վատ մտքով չեմ արել, չեմ արել անձնական շահիս համար, այլ նրա համար եմ արել, որպեսզի օգնեմ այն մարդկանց, ովքեր դարձել են խարդախների զոհը»,- ասել է Իսլամ Կադիրովը:

Բերման ենթարկված «խարդախների» նկատմամբ իր «ոչ ադեկվատ և անտեղի վարքը» Գրոզնիի նախկին քաղաքապետը բացատրել է մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքներով:

 «Ինձ 29 անգամ ընդհանուր անզգայացում են արել, ասում էին, որ բուժում ու վերականգնում անցնեմ, բայց ես կարծում էի, թե ճիշտ եմ անում, օգնում եմ մարդկանց: Այսօր ես հասկանում եմ, որ դա սխալ է: Այդպիսի վարքը պատիվ չի բերում Կադիրովի թիմից և ոչ մեկին: Ես ինքս ինձնից ամաչում եմ այսօր»,- նշել է Իսլամ Կադիրովը:

Նա նաև հերքել է, որ իրեն պաշտոնից ազատել են Կադիրովի նկատմամբ դավադրության մեջ ներգրավված լինելու համար:

 

Հիշեցնենք, որ «Գրոզնիյ» հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում էր, որ Իսլամ Կադիրովն էլեկտրաշոկեր է օգտագործում կնոջ նկատմամբ, սպառնում է հաշիվներ մաքրելով և կեղծ մեղադրանքներով: Այդկերպ, ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, Կադիրովը «ցանկանում էր հասնել խարդախության համար կասկածվողների խոստովանությանը»: Բացի դրանից, հարկեր վճարելուց խուսափողների դեմ արշավի ժամանակ Կադիրովի թիկնապահները կոտրել են մի տղամարդու ձեռքերը, որը համարձակվել էր պատասխանել քաղաքապետի կոպտությանը: