ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, երեկ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հանրային խորհրդի գործունեության վերաբերյալ եղել է կարծիքների փոխանակում: Նա, մասնավորապես, ասել էր, որ Հանրային խորհուրդը անիմաստ կառույց է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ Հանրային խորհրդի անդամ, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ:
«Ինձ հետաքրքիր է, թե Հանրային խորհրդի գնահատականն ինչ սկզբունքով է տվել Ալեն Սիմոնյանը: Նա նաև ասում է, որ Հայաստանը թռիչքաձև զարգանում է: Իսկ մենք դա տեսնո՞ւմ ենք: Նա լավ կանի կարդա Հանրային խորհրդի մասին օրենքը, հետո նամակ գրի ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին, ով նրան կպատասխանի, թե ինչ գործառույթներ ունի Հանրային խորհուրդը և այս ընթացքում ինչեր է արել»,- ասաց նա:
Պեպանյանի խոսքով՝ Սիմոնյանը ուղղակի անտեղյակ է, քանի որ, եթե իմանար՝ նման կարծիք չէր հայտնի. «Երևի նրան թվում է, թե ՀԽ-ն շենքեր է կառուցում, իրականում՝ Հանրային խորհուրդը ՀՀ կառավարության խորհրդատվական կառույցն է: Նայում ենք, թե մեր իրականության մեջ ինչ խնդիրներ կան, դա քննարկվում է մեր հանձնաժողովներում, հետո որոշումը ուղարկում կառավարություն: Եթե նայենք, թե քանի անգամ ու, որ հարցերով ենք դիմել կառավարությանը, և նրանք քանի անգամ են հաշվի նստել ՀԽ հանձնաժողովների դիմումներին՝ բավականին լուրջ թվեր կտեսնենք»:
Նա վստահ է, որ ընդամենը անտեղյակության արդյունք է ՀԽ-ը «անիմաստ կառույց» անվանելը. «Իսկ, եթե դա անձնական կարծիք է՝ առավել ևս պետք է զգույշ արտահայտվել: Բայց, եթե ասում է, ապա գոնե պետք է հիմնավորել: Ես էլ, որպես ՀԽ անդամ կարող եմ ասել, որ ներկա ԱԺ-ն լրիվ անիմաստ կառույց է: Սա իմ գործնական կարծիքն է, որը ես կարող եմ հիմնավորել: ԱԺ-ի վերջին ընտրություների ժամանակ, յուրաքանչյուր 3-րդ ընտրողից մեկն է քվեարկել «Իմ քայլը» խմբակցության օգտին»:
Պեպանյանը վստահ է, որ հասարակության վերաբերմունքը իշխող խմբակցության նկատմամբ կտրուկ փոխվել է. «Եթե հիմա նորից լինեն ընտրություներ, ապա դժվար թե նրանց օգտին քվեարկեն: Հիմա անցել է ժողովրդի էյֆորիան: Հայաստանում արդեն ճգնաժամ է, մարդկանց վստահությունը է կորել: Քաղաքակիրթ երկրներում նման դեպքում նոր ընտրություններ կանցկացնեն: Չէ՞ որ վստահության կորուստը լուրջ պատճառ է»:
Նա նաև նշեց, որ իրենց ամբողջ աշխատանքը կապված է ՀՀ կառավարության հետ. «Բազմաթիվ հարցերով մեզ դիմում են մեր համաքաղաքացիները: Մեր հանձնախմբերում քննարկվում են այդ հարցերը, որոշումները ուղարկում ենք կառավարություն: Մեր համագործակցությունը հիմա էլ շարունակվում է»:
Լուսինե Մարդոյան