ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում անդրադարձան նախարարի ֆեյսբուքյան ուղիղ եթերին:
Ի պատասխան նախարարի այն հայտարարությանը, որ ինքը հրաժարական կտա միայն այն դեպքում, երբ հասկանա, որ իր գործառույթները բավարար չի կատարում՝ ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչը նախարարին խորհուրդ տվեց այսօր մետրոյով տուն գնալ և ճանապարհին պարզել՝ բավարարո՞ւմ է իր աշխատանքը ժողովրդին, թե ոչ. «Տպավորություն է, որ ամեն երեկո նախարարն ու իշխանականները հավաքվում են, գովում են իրենք իրենց աշխատանքն ու այդ տպավորություններով գնում են տուն: Իրենց աշխատանքը պիտի բավարարի մեզ, ոչ թե իրենց նեղ անձնական թիմին»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Նախարարի հետ հանդիպելու ցանկություն չունեն ո՛չ ուսանողները, ո՛չ ՀՅԴ երիտմիության ներկայացուցիչները, նրանք միայն պնդում են՝ նախարարը պիտի հեռանա: Նրանց խոսքով՝ ԿԳՆ շենքի մոտ նստացույցը կշարունակվի քանի դեռ նախարարը հրաժարական չի տվել:
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այն պնդմանը, որ իր հրաժարականը պահանջում են մի խումբ դաշնակցականներ միայն՝ ՀՅԴ երիտմիության ներկայացուցիչն ասաց. «Եթե անգամ միայն դաշնակցականները պահանջեին նրա հրաժարականը, միևնույնն է որևէ խնդիր լինել չէր կարող, բայց մեզ հետ պայքարում են նաև բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ: Ցավում եմ իր համար, որ ինքը չի տեսնում, որ սա միայն Դաշնակցության պահանջը չէ»: