«Սպուտնիկ Արմենիա» ռուսական պետական գործակալության հարցերի առիթով մշակած պատասխանի մեջ աշխարհաքաղաքականության վերաբերյալ իր պատկերացումն է շարադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Շարադրանքը նա սկսել է ԱՄՆ առաջնորդության անկման արձանագրումով՝ նշելով նաեւ, որ այդպիսի հանգամանքը սովորաբար ուղեկցվում է անորոշությամբ եւ անկայունությամբ, նաեւ մեծ ու փոքր պատերազմներով: Քոչարյանի նամակ-վերլուծության գլխավոր մեխը այն դիտարկումն է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կտրում է ՌԴ-ի հետ անվտանգային համակարգերից և տանում դեպի արևմուտք, այս համատեքստում Քոչարյանը մատնանշում է նաև այն վտանգները, որոնք ի հայտ են գալիս Արցախի հարցում:
Ուշագրավն այն է, որ երկրորդ նախագահի այս մեսիջները հրապարակվում են անմիջապես այն բանից հետո, երբ ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ: Քոչարյանը, ըստ էության, փորձում է հասկացնել ռուսական կողմին, որ ապրիլյան հեղափոխության մեջ մեծ էր ԱՄՆ-ի դերը, այն ուղղված էր ՌԴ-ի և ռուսական շահերի դեմ, և այս հարցում իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այն, որ Սարգսյանին և վերջինիս գործոնը պետք չէ անտեսել, ակնարկվել է անգամ դատական նիստերի դահլիճում, սակայն այս անգամ ոչ թե Քոչարյանի, այլ՝ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի կողմից: Քոչարյանը որոշակի առաջարկ է անում ռուսական կողմին՝ խոսելով Հայաստանում առկա պրոռուսական ուժերի մոբիլիզացիայի դանդաղ ընթանալու մասին: Նա առաջարկում է ռուսներին արագացնել այդ գործընթացը, եթե վերջիններս իրեն գործնական աջակցություն ցուցաբերեն:
Մյուս կողմից էլ այդ առաջարկը վերաբերվում է ներքին խաղացողներին, հենց վերոնշյալ պրոռուսական ուժերին, ընդ որում, ոչ միայն գործող, այլ նաև այն ուժերին, ֆորմատներին, որոնք դեռևս կձևավորվեն: Ըստ էության, երկրորդ նախագահը հասկանում է, որ իր շուրջ մոբիլիզացիան սպասվածի պես արագ չի ընթանում, և նա չի բացառում, որ կարող է միանալ նաև քաղաքական ուժերից որևէ մեկին: Առկա խնդիրների լուծման համար Քոչարյանը լուծումներ չի առաջարկում ոչ այն պատճառով, որ չունի, այլ այն պատճառով, որ այդ լուծումները մեծապես կախված են լինելու նրանից՝ ինչ արձագանք կստանա իր առաջարկը ռուսական կողմի մոտ…