Ազգագրագետն այս զրույցն անիմաստ որակեց. «Անիմաստ զրույց էր, դատարկ խոսակցություն: Ես չգիտեմ արիացիներն ովքեր են, արիացին ինչ է: Մենք ժողովուրդ ենք, ունենք ազգային նկարագիր, մեր էթնոգենեզը Կովկասի տարածքում է ընթացել»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամների միջև ծագած փոքրիկ բանավեճին: Վարչապետի' «մենք կովկասցիներ ենք» արտահայտությանը' միության անդամ երիտասարդը հակադարձեց' «պարոն վարչապետ, մենք կովկասցիներ չենք, մենք արիացիներ ենք»: Խառատյանի պնդմամբ՝ մենք ժողովուրդ ենք, որի մի մասը նաև Կովկասում է ապրել և շարունակում է ապրել:

«Կովկասի մի տարածքը, այո, ներառված է մեր էթնոգենեզի մեջ: Ես չգիտեմ՝ ինչ են հասկանում Կովկաս ասելով, ինչ են հասկանում ասիացի ասելով: Մենք Եփրատի ափերից մինչև Կովկաս էթնոգենեզ ենք ունեցել, սա ոչ ամբողջական Կովկաս է, ոչ ամբողջական Ասիա է: Նորից եմ ասում' դատարկ խոսակցություն է, նույնիսկ պետք չէ անդրադառնալ դրան»: