ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ այս տարի Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կհասնի 2 միլիարդ դոլարի:

Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 11-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում:

«Մենք հույս ունենք, որ այս տարի առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավական լավ արդյունք է, և այդ ամենը ստեղծում է շատ լավ հենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար: Ես համոզված եմ, որ ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր հարաբերությունների համար, մեր դաշնակցային հարաբերությունների համար: Ինչպես դուք վերջերս նշել էիք, ես նույնպես մեծ օպտիմիզմով եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասաց վարչապետը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշեց, թե իրենք ուրախ են, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև զարգանում է առևտրաշրջանառությունը:

«Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսությունում համար առաջին ներդրողը»,- նշեց նախարարը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստանում մեկնարկել է նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 11-ին: