ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է ճգնաժամային որակել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված մթնոլորտը: Այս մասին Միրզոյանն ասաց նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես շարունակում եմ պնդել, որ ՍԴ-ում ու նրա շուրջ եղած մթնոլորտը ես շարունակում եմ բնութագրել «ճգնաժամ» բառով»,- ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով ՍԴ նախագահի հրաժարականին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հրայր Թովմասյանի հրաժարականը իշխող քաղաքական ուժի թիվ մեկ օրակարգը չէ:

«Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ, ոչ էլ թիվ երկու, ոչ էլ երեք, ոչ էլ թիվ հինգ խնդիրը չի եղել: Մենք մեր առջև դրած թվով մի քանի տասնյակ խնդիրը լուծում և լուծել ենք: Չգիտեմ՝ ով իրեն ինչ է ներշնչել: Ես շարունակում եմ ՍԴ մթնոլորտը «ճգնաժամ» բառով նկարագրել»,- նշեց Միրզոյանը:

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:

Հոկտեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։