«Վերնատուն» հասարա-քաղաքական ակումբի նախաձեռնող Վազգեն Մանուկյանը համաժողովի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին: Նա պնդեց, որ, չնայած համաժողովին ներկա են տարբեր կուսակցությունների նախկին կամ ներկա անդամներ, սակայն ակումբը վերկուսակցական է: Իր' քաղաքականություն մտնելու մասին խոսելիս՝ Մանուկյանը հստակ ասաց, որ գարնան սկզբին անպայման վերականգնելու է ԱԺՄ կուսակցությունը և նոր քայլեր անի քաղաքական դաշտում:
Այն հարցին, թե ով կամ ովքեր են ակումբի ֆինանսավորման մասին հոգում, ասաց, որ հիմնականում մասնակիցներն են իրենց սեփական միջոցներից գումարներ տալիս: Վազգեն Մանուկյանը չժխտեց լրագրողների այն պնդումը, թե նա անընդհատ կապի մեջ է նախկին իշխանականների հետ. «Ես նախկին իշխանությունների հետ հանդիպումներ ունեցել եմ միշտ և ունենալու եմ միշտ: Ռոբերտ Քոչարյանը, երբ կարճ ժամանակահատվածով դուրս եկավ, մենք նորից հանդիպեցինք: Ես Նիկոլ Փաշինյանի հետ էլ կհանդիպեմ, եթե ինքն ուզի»: