ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստն անցկացվեց այսօր: Հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, մինչ նիստի սկսվելը, պատասխանեց լրագրողների հարցերին: Քոչարյանը, սակայն, չբացահայտեց, թե ով է այսօրվա հյուրը:
Անդրադառնալով գլխավոր ռազական տեսուչ Մովսես Հակոբյանի և երկու տեղակալներ՝ Կամո Քոչունցի ու Վաչագան Ներսեսյանի՝ վարչապետի կողմից իրենց պաշտոններից ազատմանը, ասաց. «Մովսես Հակոբյանը հրավիրվելու է հանձնաժողով։ Ազատումը չի կաշկանդելու մեզ հրավիրել իրեն։ Ընդհանրապես, մեր զինվորականությունն իր ծառայությունները մատուցել է բոլոր իշխանությունների ժամանակ, ուրիշ բան, որ տարբեր ժամանակներում մեր զինվորականության նկատմամբ տարբեր վերաբերմունք է եղել, եղել է իշխանություն, որը մեր բանակին հասցրել է մեծ վնաս՝ նրան օգտագործելով ներքաղաքական խնդիրների մեջ, ինչպիսին եղել է «Մարտի 1»-ը։ Մեր բանակը պետք է զերծ մնա նման բաներից, եւ փառք աստծո, այսօրվա իշխանությունները ոչ միայն դա գիտակցում են, այլեւ բացառելու են երբեւիցե այդպիսի բաները, որովհետեւ բանակն անընդհատ օգտագործելով իրենց ոչ ֆունկցիոնալ խնդիրների մեջ՝ մենք բանակի պաշտպանունակությանն ենք մեծ վնաս հասցնում»։
Այն հարցին, թե ինչի մասին է խոսում այն հանգամանքը, որ ազատվել է միանգամից երեք պաշտոնյա, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Սա խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել, եւ վարչապետն իր բացառիկ իրավունքով նման որոշում է կայացրել՝ իր իրավասությունների շրջանակում։ Կամո Քոչունցն է՛լ, Վաչագան Մովսիսյանն է՛լ ժամանակին մեր ԶՈՒ-երում ծառայություն մատուցած զինվորականներ են, նաեւ Մովսես Հակոբյանը։ Վերջին հաշվով մի՛ մոռացեք, որ Մովսես Հակոբյանը եղել է մեր լեգենդար հրամանատարներից մեկի շտաբի պետը՝ Մարտունու ՊՇ-ի, որի հրամանատարը եղել է Մոնթե Մելքոնյանը, այդ ժամանակ Մոնթեն հավաքել էր պրոֆեսիոնալների, կայացած տղաների հենքն էր ստեղծել, որ մենք ամենաբարդ ուղղության վրա էին, այդտեղ մասնակցություն ուներ նաեւ Մովսես Հակոբյանը։ Պետք է դա երբեք չմոռանանք, այլ բան՝ ինչ արեցին հետագայում մեր իշխանությունները զինվորականների հետ, որոնք բացարձակ իրավունք չունեին բանակը ներքաշել այլ խնդիրների մեջ՝ իրենց հիմնական խնդրից զատ։ Կլինեն զինվորականներ, որ կազատվեն, թոշակի կգնան, նրանց տեղը կգան, այլ մարդիկ, այլ ձեւաչափերով, այլ խնդիրների շրջանակում, պետք է գնահատենք բոլոր այն զինվորականներին, որոնք իրենց ապրած կյանքով, նաեւ 90-ականներին, իրենց բանակային կառույցների ձեւավերման մեջ հետք են թողել»։
Թե արդյոք նրանց ազատումը հենց քաղաքականցված լինելու հետեւանք էր, պատգամավորը պարզաբանեց. «Քանի որ տեղյակ չեմ՝ ինչ հիմքով է ազատված, որեւէ գնահատական տալու իրավունք չունեմ, համարում եմ՝ աշխատանքային ազատում է, հետո կլինի աշխատանքային նշանակում, հետո, հարկ եղած դեպքում, վարչապետը կիրականացնի հաջորդ քայլերը»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Արցախից հանձնաժողովում հրավիրյալներ եղել են, Քոչարյանը պատասխանեց. «Մեր անվտանգության համակարգը միասնական է, ոչ թե համագործակցում ենք իրենց հետ, այլ ուղղակի չենք կարող այդ համակարգից անջատ ինչ-որ բաներ անել, մենք միասնական ենք, եւ դրանով է պայմանավորված, որ մենք պետք է բացառենք մեր միասնականության դեմ ամեն մի քայլ, սա վերաբերում է մեր անվտանգային ամբողջ գործիքակազմին։ Իսկ, թե մարդ հրավիրել ենք Արցախից, դուք կիմանաք այն ժամանակ, երբ հանձնաժողովը որոշի տեղեկացնել, թե ում է հրավիրել»։
Անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ փաստահավաք խմբի լուծարմանը՝ Քոչարյանն ասաց. «Եթե փաստահավաք խումբը չլուծարեր Սերժ Սարգսյանը, մենք երեւի էլի մարդկանց կլսեինք, բայց ինքերդ գիտեք, որ առաջին զեկույցից հետո վախեր առաջացան նախկին իշխանությունը ներկայացնող պաշտոնյաների մոտ, առաջին հերթին, կարծում եմ Դավիթ Հարությունյանի, հետո էդ վախերը տեղափոխվեցին նաեւ որոշում կայացնող Սերժ Սարգսյանի մոտ եւ անհիմն մեկնաբանությամբ՝ փաստահավաք խումբը լուծարվեց։ Բայց խնդիրը դրա մեջ չէր, «Մարտի 1»-ի գործը հիմա էլ ամբողջ ծավալով աշխատում է եւ պարտադիր չէ, որ բավարարվենք հենց դատաքննության փուլով, տեսնում եք, որ Քոչարյանի պաշտպանական թիմն ամեն ինչ անում է, որպեսզի դատաքննությունը չսկսվի։ Եւ հետո, իրենց ազդեցության տակ գտնվող ինչ-որ կայքեր անընդհատ ասում են՝ բա ինչի՞ չի սկսվում դատաքննությունը։ Հարցրեք փաստաբաններին՝ ինչո՞ւ չեն թողնում, որ սկսվի դատաքննությունը։ Վերջին հաշվով անընդհատ տեղապտույտը՝ խափանման միջոցը փոխելու շուրջ, ամեն ինչ արվում է, որ դատանքնությունը մի օր էլ հետաձգեն, ինչ են սպասում՝ ենթադրելի է, բայց բոլոր հարցերի պատասխանը մեր հանրությունը պետք է դատաքննության միջոցով իմանա, իմանա՝ ի վերջո դա որակյալ գործ է, թե ոչ։ Ասում են՝ ջուր է, բա որ ջուր է, թողեք՝ հոսի, տեսնենք՝ ուր է հոսում»։