Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը կգործի ըստ օրենքի, եթե 48 ժամվա ընթացքում ծառայություն չներկայանա Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ արձագանքելով Կոստանյանի այն հայտարարությանը, թե չի կարող Երևան վերադառնալ 48 ժամվա ընթացքում:

«Եկեք 48 ժամ սպասենք: Եթե դրանից հետո որպես մեղադրյալ ներգրավված պարոն Կոստանյանը չներկայանա, մենք կգործենք ըստ օրենքի»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով Գևորգ Կոստանյանին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար: Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ: Նա այդ ժամանակ հայտնել էր, որ գտնվում է արտերկրում և կվերադառնա օրեր անց: