Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագիծ, որով կառավարությունը նախատեսում է 2022 թվականից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ, այսպես կոչված՝ առողջության հարկ:

Հարկատեսակի չափը, ըստ նախագծի, պետք է սահմանվի 6 տոկոս: Այսինքն՝ յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս կվճարի որպես առողջապահության հարկ:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ առողջության ապահովագրության համակարգը կներդրվի աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար: 

«2020 թվականի բյուջեն այս պահին մոտավորապես 109 մլրդ դրամ է, որը ծածկում է այս կամ այն խմբերի առողջական ծախսերը, ինչպես նաև որոշակի հիվանդությունների դեպքում՝ անկախ սոցիալական խմբից: Մեզ համար անհրաժեշտ է հավելյալ միջոցներ ներգրավել, բոլոր ծախսերը հոգալու համար: Առողջության ապահովագրության համակարգ ստեղծելու դեպքում քաղաքացիների համար պետք է կիրառվի տոկոսով հարկատեսակ: Լինելով ներառական հասարակություն և սոցիալական պետություն՝ պետք է հոգ տանենք այն քաղաքացիների համար, ովքեր այս պահին չունեն եկամուտ»,- այս մասին երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ հեռարձակման միջոցով հայտնեց նախարարը:

 

Սակայն, դեռ 2014 թվականին «Դեմ եմ» շարժումը, որին միացել էին իշխանական թևի այսօրվա ներկայացուցիչները՝ այդ թվում և Արսեն Թորոսյանը, դեմ էին  կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Նախաձեռնության անդամների համոզմամբ՝ հանրության ճնշող մեծամասնության համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը անընդունելի է, քանի որ մարդկանց հարկադրում են հրաժարվել իրենց եկամտի մի մասից:

Եվ ահա, նախկինում «ակտիվիստ» Թորոսյանը աշխատավարձից մեր իսկ ծերության համար 5 տոկոս գանձելը համարում էր թալան, իսկ այսօր՝ նախարար Թորոսյանը հանրությանը համոզում է, որ մեր աշխատավարձից այլոց համար 6 տոկոսը գանձելը «հոգատարություն»  է։