Սոֆյա Նավասարդյանը վարչապետի աշխատակազմում պաշտոն է զբաղեցրել դեռևս 2018 թվականի հուլիսի 4-ից՝ ընդունվելով վարչապետի աշխատակազմում՝ որպես արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների սպասարկող։ Այս մասին Antifake.am-ի հարցմանը պատասխանել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

2018 թ. սեպտեմբերի 20-ին, համաձայն հարցման պատասխանի, Սոֆյա Նավասարդյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամանով ազատվել է նախորդ պաշտոնից և նշանակվել այլ պաշտոնի՝ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող։

 

Հարցման պատասխանից տեղեկանում ենք նաև, որ Սոֆյա Նավասարդյանը 2019 թ. հուլիսի 10-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 1 տարի աշխատելով վարչապետի աշխատակազմում։

 

Սոֆյա Նավասարդյանի զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափը եղել է 314,165 ՀՀ դրամ, այսինքն Նավասարդյանի 1 տարվա աշխատավարձը կազմել է 3,769,980 ՀՀ դրամ։

Բացի աշխատավարձից, մինչև աշխատանքից ազատվելը Սոֆյա Նավասարդյանը ստացել է 1,285,986 ՀՀ դրամ պարգևավճար։

Պաշտոնավարման 1 տարվա ընթացքում Նավասարդյանը 13 անգամ մեկնել է գործուղման, որի համար նրան պետական բյուջեից հատկացվել է 5,499,209 ՀՀ դրամ։

Այսպիսով՝ 1 տարվա ընթացքում Աննա Հակոբյանի վարսահարդարը պետական բյուջեի վրա արժեցել է 10,555,175 ՀՀ դրամ (ավելի քան 22,000 ԱՄՆ դոլար)։