24 ամյա աղջիկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ԻԹՎ բաժանմունք է տեղափոխվել այլ հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ արհեստական շնչառությամբ: Հետազոտվել է, Կատարված R-քննությամբ նկարագրվել է ձախ թոքի հսկա լարված կիստոզ գոյացություն, միջնորմի օրգանների տեղաշարժ դեպի աջ, աջից տարածուն ինֆիլտրացիայի պատկեր:

Կատարված որովայնի ԳՁՀ-քննությամբ հայտնաբերվել է լյարդի 7, 8-րդ սեգմենտներում հաստ պատերով կիստոզ գոյացություն 10.0x9.8սմ չափերի: Հաշվի առնելով վերոնշյալը` հիվանդի մոտ ենթադրվել է ձախ թոքի պատռված դեպի բրոնխ լարված էխինոկոկկային բուշտ, ասպիրացիոն սինդրոմի և անաֆիլաքսիայի զարգացումով, ինչպես նաև` լյարդի հսկա էխինոկոկկային բուշտ:

Վիճակը համամեմատական կայունանալուց հետո հիվանդը կենսական ցուցումներով շտապ կարգով վիրահատվել է: Կատարված վիրահատությունն ընթացել է երկու փուլով: Առաջին փուլով` առաջային թորակոտոմիա ձախից, հայտնաբերվել է լարված էխինոկոկկային բուշտ, որի ֆիբրոզ թաղանթը հատելուց հետո դիտվել է մասիվ օդի արտահոսք բրոնխիալ խուղակներով, որի պատճառով դիտվում էր ձախ թոքի վենտիլյացիայի խիստ խանգարում, կատարվել է էխինոկոկային բշտի խիտինային թաղանթի հեռացում, խոռոչի տամպոնադա, ինչից հետո շունտը վերացել է, աջ թոքի վենտիլյացիայի ծավալը` կարգավորվել: Երկրորդ փուլով` վիճակը կայունացնելուց հետո հիվանդը շրջվել է կողմնային դիրքի, թորակոմոտիկ վերքը լայնացվել է, ստորին բիլթն ամբողջությամբ ախտահարված է եղել էխինոկոկկային բշտով, վերին բիլթը երկար ժամանակ ճնշման տակ է եղել և չի շնչել: Կատարվել է ստորին բլթի ատիպիկ մասնահատում, էխինոկոկէկտոմիա, պլևրալ խոռոչի դրենավորում: Հիվանդը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արհեստական շնչառությամբ, կայուն վիճակով: Դինամիկայում կատարված միջոցառումների և դեղորայքային բուժման ֆոնի վրա հիվանդի վիճակը աստիճանաբար բարելավվել է, շնչառությունը եղել է ինքնուրույն:

 

Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել: Հիվանդը անց է կացրել բուժկենտրոնում 15 մահճակալային օր: Թոքն իր ողջ ծավալով լրացրել է պլևրալ խոռոչը, բարդություններ չեն եղել: Հիվանդը դուրս է գրվել, նա ունի նաև լյարդի էխինոկոկային բշտի պլանային վիրահատության կարիք: