Բռնարարների իրավունքները նույնպես պետք է պաշտպանված լինեն, պնդում ու փաստարկում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ու փաստաբանները, ովքեր ներկա էին «Ընտանեկան և սեռական բռնության հարցերի վերաբերյալ իրազեկում» սեմինար-քննարկմանը: Թե ինչ խնդիրների են բախվում ընտանեկան բռնության ենթարկված մարդիկ, ովքեր և ինչպես են պաշտպանում զոհերի ու բռնարարների իրավունքները, պարզաբանում են սեմինարին ներգրավված կողմերը:
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, կարևորելով 2017 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն, ասաց, որ այն չափազանց կարևոր նշանակություն է ունեցել մեր հասարակության համար՝ հատկապես իրավագիտակցության բարձրացման տեսանկյունից:
«Մինչ օրենքի ընդունումը և, ցավոք, շատ դեպքերում հիմա էլ բռնության ենթարկված անձինք զերծ են մնում բարձրաձայնել իրենց ընտանիքում տեղի ոնեցած բռնության մասին: Այս օրենքը նպաստում է այն առումով, որ անձինք գոնե իմանում են, որ տվյալ օրենքին դիմելու դեպքում հնարավոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, ի վերջո ոստիկանությունն արդեն ունի այնպիսի գործառույթներ, որ, օրինակ, անմիջապես նախազգուշացնեն կամ հեռացնեն այդ անձին այդ միջավայրից: Այսինքն՝ անհետաձգելի միջամտության որոշմամբ բռնարարին հեռացնելու պրակտիկան, որը ոստիկնությունն արդեն լայնորեն կիրառում է: Համաձայն այդ օրենքի՝ անձին կարող են մինչև քսան օր ժամկետով հեռացնել այդ միջավայրից, իսկ եթե անհրաժեշտ է, կանայք էլ դիմում են և ապաստարաններում են տեղավորվում, այսպիսով կարողանում են հեռու մնալ իրենց հանդեպ բռնություն կիրառած անձից: Կանայք իրենց դիմումի համաձայն՝ իրենց անչափահաս երեխաների հետ տեղավորվում են ապաստարաններում»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբանի պնդմամբ՝ մինչ օրենքի ընդունումը սպանության, մարմնական ծանր վնասվածքների բազմաթիվ դեպքեր եղել են հենց օրենսդրական բացի պատճառով: Եվ օրենքը Հայաստնում բավական ուշացած է ընդունվել: Անդրադառնալով խիստ անհրաժեշտություն դարձած ապաստարաններին՝ փաստաբանը կարևոր ձեռքբերում համարեց այս տարվա հունիսին սոցիալական նախարարության, «Կանանց աջակցման կենտրոնի» և «Համահայկական հիմնադրամի» միջև կնքված եռակողմ հուշագիրը, որով ՀՀ-ում ստեղծվելու են երկու ապաստարաններ, ինչպես նաև մարզերում բացվելու են կանանց աջակցման կենտրոններ, որոնք գործելու են պետական հոգածության ներքո:
«Մենք միշտ ընդգծել ենք, որ մարզերում ավելի շատ են տարածված բռնության դեպքերը: Վիճակագրական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզն առաջին տեղում է: Հետևաբար պետք է թիրախավորել մարզերը, իրազեկման լայն աշխատանքներ իրականացնել հանրության շրջանում: Կանայք պետք է իմանան, որ իրենք պաշտպանված են պետության կողմից, որ խնդիրը բարձրաձայնելու դեպքում լուծում կստանա: Մենք հիմա ունենք բարձրաձայնված բազմաթիվ դեպքեր, որոնք, իհարկե, մարդկանց իրազեկվածության հետևանք են:
Նշեմ նաև, որ խնդրին առնչվող հոդված է ներմուծվել քրեական օրենսգրքում, որով քրեական հետապնդում է նախատեսվում այն անձի նկատմամբ, ով անհետաձգելի միջամտությամբ որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չի կատարի: Այսինքն՝ եթե բռնարարն, ում նկատմամբ ոստիկնության կամ դատարանի կողմից ընդունվել է անհետաձգելի որոշում, շարունակում է, ենթադրենք, զանգել կամ հետևել բռնության զոհին, կենթարկվի պատասխանատվության,- ասաց փաստաբանը:
Պետրոսյանի խոսքով՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն օրենքի այս հոդվածը դիտարկեցին բռնարարի իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
«Մեզ մոտ դեպք է եղել, երբ անհետաձգելի որոշմամբ ոստիկանությունը որոշել է, որ բռնարար ամուսինը տասն օր պետք է տուն չգնա: Իններորդ օրն այլևս դրսում մնալ չկարողանալով՝ ամուսինը տուն է գնացել: Կինը նորից զանգել է ոստիկանություն, եկել տարել են նորից: Բռնարար է, թե ոչ՝ մարդը չի կարող –20 աստիճանին հանվել տնից: Իմ բերած օրինակում ամուսինը տեղ չի ունեցել գնալու, դրսում է մնացել: Բռնարարի իրավունքները ևս պետք է պաշտպանված լինեն, նրանց համար էլ պիտի գործեն ապաստարաններ: Եթե մենք մարդուն հանում ենք տնից, ուրեմն պետք է այլընտրանք տանք կեցությանն նվազագույն պայմաններն ապահովելու համար: Բռնարարին դրսում թողնելով՝ մենք նրան կարող ենք հասցնել ծանրագույն վիճակի, ինչը հետագայում ավելի վատ անդրադարձ կարող է ունենալ ընտանիքի և բռնության ենթարկվածի վրա»,- նշեց փաստաբանը:
Փաստաբան Դավիթ Թումասյանը ևս պնդեց, որ իրազեկ հասարակություն ունենալը պարտադիր պայման է մեր օրերում: Եվ, որ այդ իրազեկության հոգածությունն իր վրա պետք է վերցնի պետությունը: Իրազեկելուց բացի, նաև պետք է խնդրառուներին լուծման եղանակներ առաջարկի, որովհետև դա պետության պոզիտիվ պարտականությունն է:
Թումասյանը համաձայնեց նաև այն մտքի հետ, ըստ որի՝ եթե մարդուն զրկում են իր գույքից, իր սեփականությունից նույնիսկ մի քանի օրով, ապա պետք է նրան մինիմալ պայմաններ հատկացնել ապրելու համար, նաև նշեց, որ չնայած բռնության զոհերի համար կան ապաստարաններ, սակայն դրանք անմխիթար պայմաններով են:
«Ձմռան ցրտին մարդիկ մի կերպ, այլընտրանք չունենալով, գնում են այդ ապաստարանները, ամռանն ընդհանրապես չեն ուզում մնալ, նույնիսկ բնակության որևէ հասցե չունեցող մարդիկ ամռանը դուրս են գալիս ապաստարանից: Հիմնական խնդիրներից է նաև այն, որ անօթևաններին հատկացվող ժամանակավոր այդ կացարանը գործում է միայն Երևանում, մարզերում մենք որևէ հասցե չունենք, որտեղ կարող են օթևանել անտուն մնացածները, նրանց Երևան հասցնելն էլ մեծ պատմություն է դառնում: Սա խնդիրների շրջանակ է, որը, ցավոք, անտեսված է եղել պետության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից»,- ասաց Թումասյանը:
Քնարկման բոլոր կողմերը հույս հայտնեցին, որ նոր ստեղծվող ապաստարանները մեծամասամբ գոնե կլուծեն այս խնդիրները, իսկ պետությունն այսուհետ կստանձնի իր քաղաքացուն պաշտպանելու և նրա բարեկեցության համար տարրական պայմաններ ստեղծելու իր պարտականությունը: